«Ասենք՝ բերեն, բակի կողքը պատուհաններ բացե՞ն, նման բան աշխարհը չի տեսել». Քաղաքացին ահազանգում է
Աճեմյան փողոցի 227 տան սեփականատեր Ավետիք Չախալյանն ահազանգում է՝ Արցախի փողոցի 13/1 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման հետևանքով իր սեփականության իրավունքը խախտվել է:
2019թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Կենտրոնական բաժինը ստացել է Ավետիք Չախալյանի դիմումը՝ քրոջ, Նարինե Չախալյանի կողմից փաստաթղթեր կեղծելու վերաբերյալ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Գ.Աջամօղլյանը վերանայելով Չախալյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը՝ պարզել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է տվել Նարինե Չախալյանը, որ եղբոր բանավոր համաձայնությամբ՝ նրա և մոր՝ Կլարա Ֆարմանյանի փոխարեն՝ ստորագրել է համաձայնագիրը եղբոր տանը կից շինարարություն կատարելու մասին և փոխանցել է այլ անձի:
Ավետիք Չախալյանը, սակայն, հերքում է՝ գրավոր և բանավոր համաձայնություն չի տվել և տեղյակ չի եղել, որ քույրը կեղծիքով ստորագրել է համաձայնագիրը: Ուստի որոշվել է Ա.Չախալյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով:
«Անցած տարվա սեպտեմբերի կեսին մեր տանը կից շինարարություն սկսեցին, իսկ այսպես կոչված՝ մեր համաձայնության թուղթը կեղծված էր: Հետո պարզվեց, որ կեղծիքը կատարվել է քրոջս կողմից, ով ոչ համասեփականատեր է, ոչ էլ գրանցված է այդտեղ: Տեսանյութ կա, թե ինչպես են քրոջս գումար տալիս: Նոր շենքը կառուցվում է քաղաքաշինական խախտումներով, որովհետև մեր պատից հեռու է 40սմ: Ոչ մի բան պահպանված չէ, հարկեր գոյություն ունեն: Հերիք չէ՝ մեր տան լույսն է փակում այս շինությունը, մի բան էլ՝ պատուհաններ են բացվել դեպի մեր բակ»,- նշեց Ավետիք Չախալյանը:
Քաղաքացին հայտնեց, որ հարցով դիմել է թե՛ թաղապետարան, թե՛ քաղաքապետարան: Պատասխանել են, թե պետք է դիմի դատարան:
«Կառուցապատողին շինթույլտվություն տրվել է 2019թ. սեպտեմբերի 17-ին, ու հենց այդ օրն էլ սկսել են աշխատանքները: Դիմել եմ նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը: Սկզբից ասացին՝ այդ ի՞նչ անօրինություն է, կգանք, կնայենք, հետո օգնական աղջիկներից մեկն ասաց, թե՝ մենք ձեր նմաններին գիտենք, սկզբից համաձայնություն եք տալիս, հետո՝ փոշմանում: Այդ կենցաղային հարցը շատ փոքրիկ բան է…:Ասենք՝ բերեն բակի կողքը պատուհաններ բացե՞ն, նման բան աշխարհը չի տեսել: Մեկ բան չեմ հասկանում՝ ինչո՞ւ են գործը վարույթ ընդունել, բայց քննությունը չեն սկսում»,- ասաց Ավետիք Չախալյանը: