Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. antifake.am
antifake.am-ը գրում է. «Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով պարգևավճարներ են բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով։
Պարգևավճարները հատկացվել էին որպես խրախուսանք հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակիցների կատարած աշխատանքի համար։
Կարգադրությունները հրապարակվել էին փետրվարի 6-ին, իսկ հավելվածները հրապարակված չէին պաշտոնական կայքում, ուստի հնարավոր չէր պարզել, թե որ պաշտոնյաներն են պարգևատրվել։
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Ազգային ժողովի աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել վերը նշված 2 կարգադրություններով պարգևատրումների ընդհանուր չափն ու հավելվածները, որոնք պետք է հրապարակվեին կարգադրության հետ, սակայն չէին հրապարակվել։
Ազգային ժողովի աշխատակազմը ի պատասխան հայտնել է.
«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ 04.02.2020թ. Կ-14-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 113.237.560 ՀՀ դրամ, իսկ Կ-15-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը՝ 60.540.423 ՀՀ դրամ»։
ԱԺ աշխատակազմը մերժել է տրամադրել հավելվածները՝ հղում կատարելով աշխատողների անձնական տվյալների պաշտպանությանը։
Այսպիսով՝ հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 173.777.983 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 362.000 դոլարին։
Հիշեցնենք, որ միայն դեկտեմբեր ամսին Ազգային ժողովում 4 անգամ պարգևավճարներ էին բաժանվել. Արարատ Միրզոյանը պարգևատրվել էր 3 մլն դրամի չափով։