Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ Ստեփանակերտում մասնակցել է երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստեփանակերտում մասնակցել է երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր ելույթում նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:
Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն: