Պետական «ռեկետը» շարունակվում է
Ինչպես հայտնի է, փետրվարի 25-ին «Դվին» մյուզիք-հոլլում, իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպելու, որի նպատակը առաջիկա սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի համար գումարներ հավաքելն է:
168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ կուսակցության գրասենյակներից իմքայլական պատգամավորները զանգում են տարբեր գործարարների, ոչ միայն խոշոր, այլև հայտնի, բայց միջին, և նրանց միջև տեղի է ունենում մոտավորապես հետևյալ բնույթի զրույց: Բարևելուց ու ներկայանալուց հետո զանգահարողը տեղեկացնում է փետրվարի 25-ին կայանալիք միջոցառման մասին ու ասում, որ սիրով սպասում են տվյալ անձին:
Մյուս կողմի այն հարցին, թե արդյո՞ք մասնակցությունը պարտադիր է, զանգահարող պատգամավորն արձագանքում է՝ խիստ ցանկալի է:
Հասկանալով, որ հրաժարվելու տարբերակ չունի, ենթադրյալ «նվիրատուն» հարցնում է, թե այնուամենայնիվ, որքա՞ն գումարի ակնկալիք ունեն իրենից, ինչին հետևում է պատասխան՝ որքան շատ, այնքան լավ:
Սա, թերևս, աննախադեպ երևույթ է այն իմաստով, որ նույնիսկ ՀՀԿ-ի իշխանության տարիներին նման բացահայտ հանդգնությամբ դրամ չէր կորզվում գործարարներից: