«Թիրախավորում ենք հայոց պետականությունը». Դավիթ Բաբայանը վտանգներ է տեսնում
«Նման կոչերը ես համարում եմ շատ վտանգավոր, որովհետև հայրենասիրությունը չի դրսևորվում կենացներով, ինչ-որ անհասկանալի գաղափարներով: Չեմ բացառում, որ դրանք կարող է հաճելի լինեն որոշ մարդկանց համար, բայց քաղաքականությունը խաղուպար չէ: Հարց եմ տալիս՝ երբ խոսում ենք Արցախի՝ մարզ լինելու մասին, մենք մտածո՞ւմ ենք՝ ինչ հետևանքներ կարող է լինեն դրանից բխող: Մենք ասում ենք՝ սա ազգային ինքնորոշման պայքար է, սրանով Մայր Հայաստանին դուրս ենք բերում լուրջ հարվածների տակից, որովհետև Ադրբեջանի նպատակն է այս հակամարտությունը ներկայացնել և վերածել տարածքային վեճի, իսկ տարածքային վեճի պարագայում մենք պարտվում ենք»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանի կոչին՝ բոյկոտել Արցախի ընտրությունները:
Բաբայանն ասել է, որ կարող ենք հաղթել և շրջանցել տարածքային ամբողջականության սկզբունքը՝ միմիայն ազգերի ինքնորոշման սկզբունքը կիրառելով: «Հետևաբար, երբ ասում ենք՝ Արցախ չկա, դա մարզ է, բոյկոտեք ընտրությունները, մենք առաջին հերթին՝ թիրախավորում ենք հայոց պետականությունը, Մայր Հայաստանը, որովհետև մենք ընդհանուր հայրենիք ենք, բայց երկու տարբեր պետություն, սա լավ պետք է հասկանանք»,- ասել է նա:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: