Վարչապետի երեկվա հարցազրույցի վերաբերյալ օրակարգային որոշ դիտարկումներ

1. Այն պնդումը, որ հանրաքվեի միջոցով Սահմանադրական փոփոխությունների դեպքում Սահմանադրական դատարանի եզրակացությունը իմպերատիվ պահանջ չէ, ինքնին հակասում է Սահմանադրությանը:

2. Ներկայացված տեղեկատվությունից պարզ է դառնում՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի անտեսումը արդարացնելու համար Մյունխենում փորձ է արվել ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ մեղադրել Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրության նախկին կարգավորումների համաձայն Հ. Թովմասյանի ընտրության համար: Այսպիսի մոտեցմամբ ավելի է խորացվելու Հայաստանի միջազգային հեղինակության խնդիրը:

3. Դատական համակարգի փոփոխություններին վերաբերող տեսակետներից նշմարվում է հետևյալ բանաձևը.

«Պահպանվող էֆորիայի  պայմաններում փոխվում են Սահմանադրական դատարանի կազմը և իրենց ցանկում նշված անկախ դատավորներին: Բնականաբար, կնշանակվեն իրենց յուրայինները, որոնք առանց զանգերի էլ հնազանդ կծառայեն օրվա իշխանություններին՝ հանրային պարզ մեսիջներով: Եվ ամենավտանգավորը՝ այս փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի և մյուս դատարանների որոշումներն արդեն հանրության համար պետք է լինեն անվերապահ ընդունելի, չքննարկվող և այլևս՝ հանրությունը չի կարող դատարանների որոշումների համար մեղադրել գործող քաղաքական իշխանությանը»:

4. Իշխանափոխությունից հետո, որպես սոցիալական խնդրի լուծման առանցքային ձեռքբերում և աննախադեպ օրինակ՝ ներկայացվեց գյուղական բնակավայրերում աղքատ ընտանիքների համար իրականացվող անասնապահության աջակցության ծրագիրը: Իրականում այս ծրագիրը, որպես զբաղվածության պետական հիմնական ծրագիր, ներդրվել է դեռևս 2015 թվականին: Իշխանափոխությունից հետո՝ զբաղվածության պետական ծրագրերի թերակատարումները (2018 թվականին 75 տոկոս, 2019 թվականին 50 տոկոս) կոծկելու համար գործող 13 հիմնական ծրագրերի չծախսված գումարները վերաբաշխման միջոցով 2019 թվականի ավարտին հատկացվեցին անասնապահության աջակցության այդ ծրագրին: Որևէ այլ առարկայական բարեփոխում, ներառյալ զբաղվածության պետական նոր ծրագիր չի իրականացվել:

Դիտարկումների շարքը շարունակելի է:

 Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող

Տեսանյութեր

Լրահոս