Գագիկ Ջհանգիրյանի՝ ՍԴ դատավոր դառնալու տեղեկությունը հավաստի է. Բորիս Մուրազի

Politik.am լրատվականի խմբագիր Բորիս Մուրազիից լրագրողները հետաքրքրվեցին, թե որտեղի՞ց այն ինֆորմացիան, որ Գագիկ Ջհանգիրյանը դառնալու է Սահմանադրական դատարանի դատավոր:

«Մենք գրել էինք, և տեղեկությունը հավաստի է: Ջհանգիրյանն իր գործողություններով փաստել է: Հրապարակումից մեկ օր առաջ Հանրային հեռուստատեսությունում էր, ասաց, որ հարցերին իրավական պատասխան է տալու: Ըստ երևույթին պատրաստվում էր անաչառ իրավաբանի կերպար ընդունել, որն անհրաժեշտ պայման է՝ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար: Բայց ես կարծում եմ՝ հասարակության վերաբերմունքն այնպիսին է Ջհանգիրյանի նկատմամբ, որ իրենք միանշանակ խնդիրներ կունենան»,- պատասխանեց կայքի խմբագիրը:

Նշենք, որ ավելի վաղ կայքում հոդված էր հրապարակվել, որտեղ ասվում էր. «Իշխանության ներսում ազդեցություն ունեցող տարբեր խմբեր իրենց շահերը ներկայացնող թեկնածուների լոբբինգով են զբաղված։ Այս պահին ամենահաջող թեկնածուն իշխանության լևոնական թևի թեկնածուն է՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իշխանական քարոզչամեքենան էլ սկսել է իր գործն անել։ Երեկ Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի հյուրն էր Գագիկ Ջհանգիրյանը։ Հաղորդման ընթացքում Ջհանգիրյանը հասցրեց հայտարարել, որ խնդիրներին քաղաքական մեկնաբանություն չի տալու, քանի որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ իրավաբան է։

Այս հայտարարությունը Ջհանգիրյանն արել է, քանի որ ՍԴ անդամները պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն։ Չնայած իշխանությունների ջանքերին՝ դժվար է պատկերացնել, որ հնարավոր կլինի հանրությանը համոզել, թե Ջհանգիրյանը քաղաքականապես չեզոք է։ Ավելին, հասարակության լայն շերտեր հիշում են Ջհանգիրյանի մասնակցությունը բազմաթիվ աղմկահարույց գործերին և իր որոշումներով բազմաթիվ զինվորների խեղված կյանքերի մասին պատմությունները»։

Տեսանյութեր

Լրահոս