
«Ինքը ջութա՞կ էր նվագում, երբ Բաղրամյան 26-ից պատվերներ էր ստանում և ԱԺ ամբիոնից հնչեցնում էր ընդդիմադիր խոսքը». Աղեկյանը՝ Փաշինյանին

«Ես ականատես եղա, թե ինչպես էր ԱԺ Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ամեն գնով պաշտպանում իր որդուն՝ որպեսզի 26-ամյա երիտասարդը ստանա գիտական աստիճան և չմեկնի բանակ՝ ծառայելու: Սա նշանակում է, որ շատ մտածելու բան ունենք»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:
«Տնտեսագիտական համալսարանում հանձնաժողովում ընդգրկված 7 հոգին, ովքեր չէին ճանաչում անգամ Լևոն Քոչարյանին, նրանք տղայի հետ խոսում էին՝ իբրև Անդրանիկ Քոչարյան, վստահ եմ, որ չէին էին կարդացել և չէին էլ լսում, թե նա ինչ էր ներկայացնում իր ատենախոսության ժամանակ: Սակայն 7 կողմ և զրո ձեռնպահ ձայնով հաստատեցին և գիտական կոչում տվեցին»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին՝ նա նշեց. «Ծախսելու ենք 3.5 միլիարդ դրամ: Սա ահռելի գումար է: Եկեք հասկանանք, որ պատերազմող երկիր ենք և սպառազինության կարիք ունենք»:
«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանի կարծիքով՝ հանրաքվեն ազգի հերթական պառակտումն է:
«Սևեր և սպիտակներ, հիմա էլ՝ «այո» և «ոչ».սա ազգի պառակտում է՝ ազգային, օտարածին ծրագրերով: Այդ գումարները կարելի էր ուղղել դեպի աղետի գոտի՝ Վանաձոր, Գյումրի, որպեսզի անօթևաններին բնակարաններով ապահովեն: Հենց պարգևավճարներով կարելի էր ամբողջ աղետի գոտին վերականգնել: Կոչ եմ անում զերծ մնալ այս գրիչ-մրիչային ինտրիգային խոսակցություններից և վեհ պահել մեր սահմանադրությունը, լինել իրավական երկրի հետևորդ: Քանի որ, եթե հերթական անգամ Սահմանադրությունը ոտնահարվում է և հակասահմանադրական քայլեր են արվում, հնարավոր է, որ օտար երկրները միջամտեն այս խնդրին ու մեր ձայնը էլ հաշվի չառնեն»,- հավելեց Սարգիս Տեր-Եսայանը:
Բանախոսները կարևորեցին կենսաթոշակների կրկնապատկումը:
«Ձևական 1000-2000 դրամ ավելացնելով և կենցաղային նշանակության 700 ապրանք թանկացնելով՝ ևս մեկ անգամ վնաս եք հասցնում մեր երկրի խոցելի խավին՝ կենսաթոշակառուներին»,- ընդգծեց Սարգիս Տեր-Եսայանը:
Սոնա Աղեկյանը, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին՝ նկատեց. «Ցավալի է, որ ՀՀ-ում մամուլը ծառայում է միայն օրվա իշխանությանը: Փաշինյանը գալիս էր ասելու, որ մամուլը պետք է լինի հասանելի և մատչելի, սակայն այսօր Հանրային հեռուստաընկերությունը դարձել է նրա խամաճիկը: Պատվիրված հարցերին պատասխանում էր այնպես, կարծես թե գնում էր քննություն հանձնելու և գերազանցիկության գովասանագիր ստանալու: Իհարկե, գովասանագիր չի ստանա: Ասում էր, թե ընդդիմադիները պետք է գնան և ջութակ նվագել սովորեն: Իսկ ինքը, երբ ընդդիմադիր էր, ջութա՞կ էր նվագում, երբ Բաղրամյան 26-ից պատվերներ էր ստանում և ԱԺ ամբիոնից հնչեցնում էր ընդդիմադիր խոսքը»: