Բաժիններ՝

10 լավագույն մարզիկներ պարգևատրվել են

Սպորտի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: ՀՀ նախագահական նստավայրում տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանն այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս ուղղությամբ գործնական քայլերի մեկնարկը տրված է:

«Մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությունը: Մեր պետական նպատակը մինչև 2050 թվականն առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ ունենալն է: Շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա ոչ թե մեզ հուսահատեցնում է, այլ ընդհակառակը՝ ոգևորում, որովհետև չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անելու ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ այն, ինչ անհնար է»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը: Այս առումով ՀՀ վարչապետը կարևոր է համարում մեծ սպորտի զարգացումը: Նա ընդգծեց, որ պետք է կարողանալ մեծացնել ՀՀ և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

«Մենք ունենք քաղաքական որոշում, որ ամուր կանգնենք սպորտի, մարզիկների կողքին, առավելագույնն անենք Հայաստանում սպորտի զարգացման համար: Կարևոր է սպորտի դերը սերունդների արժեհամակարգային փոփոխությունների իմաստով: Ցավոք, երիտասարդության շրջանում քրեական մշակութային ազդեցությունները մեծ են, մեր չեմպիոնների դերը տեսնում եմ նրանում, որ դառնան ընդօրինակելի կերպար երիտասարդների համար, վստահություն ներշնչեն սեփական ուժերի նկատմամբ, ցույց տան, թե աշխատասիրությունը, թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձրունքների կարող է հասցնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այդ համատեքստում ՀՀ վարչապետը կարևոր համարեց մարզական ենթակառուցվածքների զարգացումը, լավ մարզադպրոցներ, մարզագույք ունենալը, լավ մարզիչներին խրախուսելը: Նա նշեց, որ կառավարությունը մեծ ծավալի մարզագույք է գնել մարզադպրոցների համար:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի մարզական հանրությունը և կառավարությունը կդառնան դաշնակիցներ, գործընկերներ Հայաստանի զարգացման ռազմավարական տեսլական իրագործելու հարցում: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որ զգաք պետության աջակցությունը: Շնորհակալություն եմ հայտնում ձեր նվիրումի, ձեռքբերումների համար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս