
Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Covid-19 նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում ապաքինումից հետո: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՉԺՀ-ի Գիտությունների ակադեմիայի անդամ Վան Ֆուշենը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ հիվանդության կլինիկական ախտանիշներն անհետանում են մեկ շաբաթվա ընթացքում, իսկ հիվանդության թեթեւ եւ միջին ձեւով հիվանդների բաժինը գերազանցում է 80 տոկոսը: Գիտնականը նշել է, որ ճիշտ ռեժիմի դեպքում. լավ հանգիստ, սնունդ, դեղորայքի ժամանակին ընդունում, մարդու իմունիտետն ունակ է ինքը հաղթելու վարակը:
«Հիվանդությունը մեծավ մասամբ անցնում է առանց հետեւանքների, ուստի խուճապի համար հիմքեր չկան»,- ընդգծել է ակադեմիկոսը: Ավելի վաղ ՉԺՀ-ի Առողջապահության գործերի կոմիտեն արդեն հայտնել է, որ կորոնավիրուսով հիվանդների մեծ մասի համար կանխատեսումը բարենպաստ է: Երիտասարդները եւ երեխաները հիվանդությունը թեթեւ են տանում: Covid-19-ն առավել մեծ վտանգ է ներկայացնում տարեց մարդկանց համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: