Covid-19-ով վարակվածների թիվը մայրցամաքային Չինաստանից դուրս գերազանցել է 1,25 հազարը
Փետրվարի 20-ի առավոտվա դրությամբ Չինաստանի մայրցամաքային մասի սահմաններից դուրս Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 1251-ի, մեկ օրում հայտնաբերվել է հիվանդության 102 նոր դեպք: Այդ մասին հայտնել Է South China Morning Post հոնկոնգյան թերթը։
Նրա տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը մայրցամաքային Չինաստանից դուրս ավելացել է մեկով եւ կազմել 11: Երեք մարդ մահացել է Ճապոնիայում, մահվան ելքով երկուական դեպք է գրանցվել Հոնկոնգում եւ Իրանում, մեկական՝ Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Տայվանում եւ Ֆիլիպիններում:
Առավել շատ հիվանդներ (700-ից ավելի) հայտնաբերվել են Ճապոնիայի տարածքում, նրանցից ավելի քան 600-ը Յոկոհամայում կարանտինի կանգնած Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն են ու անձնակազմի անդամները:
Փետրվարի 21-ի առավոտյան Հարավային Կորեան հայտնել է Covid-19-ով վարակման 52 նոր դեպքի մասին, հիվանդների ընդհանուր թիվը երկրում հասել է 156-ի:
Սինգապուրում գրանցվել է 85 հիվանդ, Հոնկոնգում՝ 69, Թաիլանդում՝ 35, Տայվանում՝ 24, Մալայզիայում՝ 22, Ավստրալիայում՝ 17, Գերմանիայում եւ Վիետնամում՝ 16-ական, ԱՄՆ-ում՝ 15, Ֆրանսիայում՝ 12, Մակաոյում՝ տասը, հիվանդության տասից պակաս դեպքեր են գրանցվել Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Իտալիայում, Իրանում, Ռուսաստանում, Իսպանիայում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Նեպալում, Շրի-Լանկայում եւ Շվեդիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: