
Բացահայտվել է Փափազյան փողոցում կատարված դանակահարության դեպքը

Փետրվարի 18-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության են ընդունվել 17-ամյա երկու պատանի: Ահազանգով օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Պարզվեց՝ պատանիներից մեկն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ մյուսը հրաժարվեց:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 18-ին, ժամը 20.30-ին, Փափազյան փողոցի առևտրի կենտրոնի հարակից բակում հիվանդանոց տեղափոխվածներն ու չորս այլ պատանիներ վիճաբանել են, որի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է պատանիներին: Դանակահարողը և վիճաբանության մասնակիցներից մեկը ներկայացվել են Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս երկու մասնակցին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: