
Թիվ 57 երթուղու ավտոբուսում կնոջ պայուսակից դրամապանակ են գողացել
Փետրվարի 17-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ րոպեներ առաջ թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող և բանկային քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները հաղորդումը ստանալուն պես որոնողական աշխատանքներ սկսեցին, և դեպքից մեկ ժամ անց գրպանահատը հայտնաբերվեց:
Քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Կապան քաղաքի 22-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: