«Մարդիկ ուզում են մեր մոտ գալ, բայց արգելված է, խիստ հրահանգավորված են, որ չգան». Հարություն Հարությունյան
Այսօր Հայաստանի ժուռնալիստների միությունը քննարկում էր կազմակերպել՝ «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» թեմայով:
Քննարկման բանախոսներից «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն ասաց, որ հեռուստաալիքի նկատմամբ իշխանություններն արշավը սկսել են դեռ անցյալ տարվա կեսերին, երբ զանգ են ստացել վարչապետի աշխատակազմից.
«Մեզ մեղադրում էին, որ վարչապետի փայլուն այցը Չինաստան չենք լուսաբանել, և որ լուսաբանել ենք միայն վարչապետի՝ բադ ուտելու պրոցեսը: Մենք ասացինք, որ լրագրող չենք ունեցել լուսաբանող, վարչապետի ֆեյսբուքյան էջից ենք օգտվել: Դրանից հետո եղան հայտնի պատմությունները: Իրականում, մեր դեմ արշավը սկսվեց այն պահից, երբ մենք եթեր դուրս եկանք՝ որպես «5-րդ ալիք»»,-ասաց նա:
Ըստ Հարություն Հարությունյանի՝ իշխանությունների թեթև ձեռքով ԶԼՄ դաշտը բաժանվել է սևերի ու սպիտակների. «Իշխանությունների թեթև ձեռքով մասնագիտական դաշտն էլ է բաժանվել սևերի և սպիտակների: Ահավասիկ, Հայաստանի ժուռնալիստների միությունը կազմակերպել է մի քննարկում, որին մասնակցում են ակտիվ գործունեությամբ զբաղվող միայն որոշ լրատվամիջոցներ»:
«Ի՞նչ են մեզ պատասխանում, երբ իմքայլական պատգամավորներին հրավիրում ենք հարցազրույցի: Մենք ունենք սքրինշոթեր, պահում ենք դրանք: Ասում են՝ գիտեք, մենք ձեր մոտ շատ ենք ուզում գանք, բայց գիտենք, որ մեր գլխին պատմություն կդառնա… Կամ՝ գիտեք, քանի որ դուք Մարտի 1-ի մասին ֆիլմ եք ցույց տվել, մենք չենք կարող ձեր մոտ գալ, թող մի քիչ ժամանակ անցնի, հասկանանք ինչ կլինի: Մենք շատ ենք ուզում ձեր մոտ գալ… Այսինքն, մարդիկ ուզում են մեր մոտ գալ, բայց արգելված է, խիստ հրահանգավորված են, որ չգան, բանավեճերի հարցազրույցների չմասնակցեն»,-պատմեց նա:
Ըստ Հ. Հարությունյանի՝ սա այսօր ազատ խոսքի, մամուլի ազատության մասին բարձրաձայնող իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է: Եվ միանշանակ է, որ այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից, իրական խոսքից և իրենց համար շատ ավելի հեշտ է ստեղծել ֆեյքերի խմբավորումներ, որոնք կհարձակվեն տվյալ լրատվամիջոցի կամ լրագրողի վրա, նրա հասցեին ինչ-որ կուզենան, կասեն, քան իրենք գան և ներկայանան բանավեճի:
Նրա խոսքով՝ ամենածանր վիճակում հայտնվել է իրենց հեռուստաընկերությունը: «Խոսքի ազատության, տարիներ շարունակ լրագրության պաշտպան ՀԿ-ները լռություն են պահպանում, նաև պաշտպանում են այն կարծիքը, որ շատ ճիշտ է, որ մեր ՀԸ տնօրենը ձերբակալված է, որովհետև մենք նեգատիվ լուրերի հեղինակներ ենք: Չգիտեմ՝ ով է որոշում, որ մենք նեգատիվ լուրեր ենք հրապարակում, կամ ով է որոշում, թե մենք ինչպես պետք է աշխատենք, բայց այսօր մեր ՀԸ տնօրենը ապօրինի է կալանավորված, ես տեղյակ եմ գործի քննությանը և բացահայտ կարող եմ ասել՝ այս գործը ապագա չունի, եթե նույնիսկ դատարան հասնի: Այս ամբողջն արվում է այն բանի համար, որ նա ևս մեկ կամ երկու ամիս մնա կալանքի տակ»,- նշեց նա:
«5-րդ ալիքի» տնօրենը նաև հիշեցրեց, որ իրենց հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորված է ապօրինի.
«Հ2-ի սեփականատերը ձերբակալվեց, դեռ տաք էինք հեղափոխությունից հետո: Երբ Շավարշ Գևորգյանն ասաց, որ աշխատավարձ չեն կարողանում ստանալ, կալանքի տակ է սեփականատիրոջ ունեցվածքը, մենք հասկացանք, որ այս մարդիկ առանց աշխատավարձի են աշխատում: Հիմա մեր սեփականատիրոջ ամբողջ գույքը կալանքի տակ է: Ես վստահ եմ, որ մեր սեփականատերը դուրս է գալու, կարծում եմ, դատարանի որոշմամբ, դատախազությունը իր վրա չի վերցնի դա անել: Չգիտեմ մեկ ամսից դուրս կգա, թե երբ, բայց դուրս կգա: Եկեք հասկանանք որ այս ուղտը բոլորի դռանը չոքելու է»,-ասաց Հ. Հարությունյանը: