Գերմանի անժամանակ մահվամբ կորցրել ենք բոլորս՝ իրեն ճանաչողները և նրանք, ովքեր դեռ պետք է անձամբ ճանաչեին նրան և նրա արվեստի միջոցով կյանքը. Արտակ Բեգլարյան
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գերման Ավագյանը իմ ամենահին ու հոգով ամենաերիտասարդ ընկերներից է…
21 տարում այնքան բան ենք իրար հետ տեսել և կիսել՝ երջանկությունից մինչև տառապանք, որ չգիտեմ էլ, թե ինչ գրեմ:
Իրոք, տաղանդավոր լուսանկարիչ ու բացառիկ մարդ էր, ով տեսնում էր անտեսանելին ու տեսանելի դարձնում նաև բոլորիս համար, ում հետ կարելի էր ժամերով խոսել կյանքի ամենագողտրիկ ու ամենատաբու թեմաներից, ով միշտ ծառս էր լինում անհանդուրժելի իրականության առջև, ում հեշտորեն չէր հաջողվում պրագմատիկ ու սուր խոսքով քողարկել իր կարեկից ու մարդկային սիրտը:
10 տարեկանից եղել եմ Գերմանի լուսանկարչական հերոսներից մեկը, և ինձ համար նրա տեսախցիկը միշտ ավելորդ առարկա էր իմ ու իր միջև, որը խանգարում էր ընկերական շփմանը: Պայմանավորվել էինք, որ երբ մեր տանն էր գիշերում՝ միայն ընկեր էր, ոչ թե՝ լուսանկարիչ: Հարսանիքիս ժամանակ էլ նրան խնդրեցի գալ առանց տեսախցիկի, բայց դա երևի իմ միակ խնդրանքն էր, որ ինքը չէր կատարում…
Գերմանի անժամանակ մահվամբ կորցրել ենք բոլորս՝ իրեն ճանաչողները և նրանք, ովքեր դեռ պետք է անձամբ ճանաչեին նրան և նրա արվեստի միջոցով կյանքը:
Այն բացառիկ լուսանկարներից, որի մեջ Գերմանը տեսախցիկի հակառակ կողմում չէ. իմ ու Արմինեի հարսանյաց հանդես, 3 հունիսի, 2017թ., Շուշի»: