«Վարչապետի ֆեյսբուքյան էջն ինձ համար օրենք չէ. Ես պետք է ստանամ պաշտոնական տեղեկատվություն». Գեղամ Մանուկյան

«Նախ՝ կուզեի անդրադառնալ իշխանություն-լրատվամիջոցներ հարաբերություններին: Տարիներ առաջ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին մի տհաճ հարց ուղղեցի, որից հետո նա հնչեցրեց իր հայտնի արտահայտությունը գաղջ մթնոլորտի մասին: Երկու օր առաջ նույնն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնպես որ, այդ հարաբերության մեջ ձևերն են փոխվել, բովանդակությունը նույնն է»,- այսօր Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպված «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Երկիր Մեդիա» Հ/Ը հասարակական-քաղաքական հաղորդումների ղեկավար Գեղամ Մանուկյանը:

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ հիմա շատ ավելի ակտիվ են հեռուստաեթերում քաղաքական-հասարակական հաղորդումները: Նա նշում է, որ լուր արտադրողն է փոխվել:

«Մենք դարձել ենք այս կամ այն պաշտոնյայի ուղիղ եթերների փոխադրողը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Հեռուստաընկերությունն այսօր, ի տարբերություն մնացած լրատվամիջոցների, անհավասար պայմաններում է գործում:

«Մենք սահմանափակված ենք հազար ու մի օրենքներով, գովազդն է սահմանափակ: Ինտերնետային թիվին կարող է անսահմանափակ գովազդ դնել, ես չեմ կարող: Մենք սահմանափակված ենք հավասարություն ապահովելու հրամայականով, ինտերնետային հեռւոստաընկերությունը՝ ոչ: Բացի դրանից, Հանրային հեռուստաընկերությանն այսօր տվեցին գովազդ տեղադրելու հնարավորություն»,- նշեց Գեղամ Մանուկյանը:

Նա նույնպես անդրադարձավ այն հանգամանքին, որ ընտրողական վերաբերմունք է ցուցաբերվում պաշտոնյաների կողմից մեդիաների նկատմամբ: Դժվար է գերատեսչություններից տեղեկատվություն ստանալը, իշխանական ուժը ներկայացնող հյուրեր ունենալը:

«Վարչապետի ֆեյսբուքյան էջն ինձ համար հիմք չէ: Ես պետք է ստանամ պաշտոնական տեղեկատվություն, որովհետև վարչապետի էջի գրառումը կարող է ջնջվել, խմբագրվել: Բացի դրանից, հարկատուները վճարում են վարչապետի տեղեկատվության վարչության աշխատակիցներին, որ նրանք մեզ տրամադրեն պաշտոնական տեղեկատվություն»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով, թե քանի անգամ է Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումները խմբագրել կամ հեռացրել:

 

Տեսանյութեր

Լրահոս