Բաժիններ՝

Չինաստանից Հայաստան չարթերային թռիչքը՝ ոչ նպատակահարմար

Իշխանությունները խոսում են ընտրական տուրիզմից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին հրավիրում է Հայաստան՝ մասնակցելու հանրաքվեին, սակայն Չինաստանում գտնվող մեր քաղաքացիներին անուշադրության են մատնել, ասել են, որ չեն կարող տարհանել, որովհետև դա թանկ հաճույք է:

Հիշեցնենք, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու համար Փաշինյանը օրեր առաջ խորհրդարանի ամբիոնից դիմեց արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին՝ կոչ անելով գալ, մասնակցել հանրաքվեին, «այո» ասել՝ ավելացնելով, որ տոմսերն էժանացել են: Այլ խնդիր է՝ արդյոք տոմսերն իրականում էժանացե՞լ են, թե՞ ոչ, կամ ինչի՞ հաշվին են նվազել գները որոշ ուղղություններով, քանի որ քաղաքացիների և ոլորտի ներկայացուցիչների գնահատականներն ու արձագանքները միանշանակ չեն: Սա՝ իմիջիայլոց, չշեղվենք բուն թեմայից:

Փետրվարի 10-ին Չինաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել «Չարթերային թռիչքի իրականացման հնարավորության դեպքում Հայաստան մեկնել ցանկացողների գրանցման վերաբերյալ», որտեղ մասնավորապես նշված էր, որ «դեսպանության տարածած հաղորդագրությանը մինչև նշված վերջնաժամկետն արձագանքել է ընդհանուր թվով 24 հոգի, իսկ վերջնաժամկետից հետո՝ ևս 2 հոգի: Հաշվի առնելով դիմումների սակավաթիվ լինելը՝ չարթերային թռիչքի իրականացումը համարվել է ոչ նպատակահարմար: Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ ներկա դրությամբ տարհանման ենթակա են միայն կարանտինի գոտում՝ Հուբեյ նահանգում գտնվող քաղաքացիները: Նշյալ նահանգում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիները տարհանվել են։ Մնացած քաղաքացիները, որոնք հրաժարվել են տարհանումից, դեսպանության հետ շարունակական կապի մեջ են։ Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին դեսպանությունը հորդորում է օգտվել կանոնավոր չվերթերից, որոնք գործում են Չինաստանի տարբեր քաղաքներից, իսկ տոմսերն առկա են ազատ վաճառքում»,- ասված էր Չինաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրության մեջ:

Ընթերցողին հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր ԱՄՆ: Մամուլը հրապարակել էր, որ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել ոչ թե ՀՀ կառավարական օդանավով, այլ վարձակալված մասնավոր ինքնաթիռով, ինչը բավականին թանկ հաճույք է: Այն ժամանակ նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջով հանդես եկավ պարզաբանմամբ.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի (մոտ 350 հազար դոլար.- Ա.Վ.), իսկ չարթերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է»:

Այդ օրերին Hetq.am պարբերականը բացահայտել էր, որ այն վարձակալվել էր ուկրաինացի օլիգարխ պատգամավորին պատկանող ընկերությունից, որը հետագայում հաստատել էր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Ստացվում է՝ գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը տրանսատլանտյան թռիչք իրականացնելու համար պատրաստ են պետբյուջեից հսկայական ծախսեր՝ 350.000 դոլար, ծախսել երկրին որևէ բան տվող այցի համար, սակայն ՀՀ քաղաքացիներին Չինաստանից Հայաստան տեղափոխելու համար խնայողություններ են անում: Իհարկե, 168.am-ի տեղեկություններով՝ Հուբեյ նահանգում գտնվող և ցանկություն հայտնած ՀՀ  քաղաքացիները տարհանվել են, սակայն Չինաստանի մյուս բնակավայրերում գտնվող 26 ՀՀ քաղաքացու  համար չարթերային թռիչք կազմակերպելը և Հայաստան տարհանելը նպատակահարմար չեն գտնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս