
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 14-ին հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։
Ինչպես հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները դրական են գնահատել Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և մտքեր փոխանակել դրա առավել ամրապնդման հեռանկարների շուրջ:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատմամշակութային ավանդական ջերմ կապերով միահյուսված հայ-արաբական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվ քայլեր ձեռնարկել Արաբական պետությունների լիգայի երկրների հետ փոխշահավետ համագործակցության խթանման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է հայ համայնքի կարևոր կամրջող դերակատարությունը Հայաստանի և արաբական աշխարհի երկրների միջև։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակը և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները, և ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը: