ԿԸՀ են հանձնվել Արայիկ Հարությունյանի՝ որպես նախագահի թեկնածու գրանցման փաստաթղթերը

Քիչ առաջ ԿԸՀ են հանձնվել Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ որպես նախագահի թեկնածու գրանցման փաստաթղթերը:

Այդ առթիվ նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ մասնավորապես ասել է. «Սիրելի՛ հայրենակիցներ

Հետևելով «Ազատ հայրենիք» կուսակցության՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին կայացած 7-րդ համագումարի որոշմանը և հարգելով հանրությանը տված իմ խոստումը՝ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի իմ թեկնածության գրանցման համար նախատեսված փաստաթղթերը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ԿԸՀ ենք ներկայացրել նաև «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական համամասնական ցուցակում ընդգրկված 65 անդամների թեկնածությունների գրանցման համար փաստաթղթերը: Դաշինքի մաս են կազմում նաև «Արցախի Արմենական», «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն» և «Շարժում-88» կուսակցությունները:

Աստծո կամոք՝ հաջողություն մեր հայրենիքին…

Թող արցախցի ընտրողի վստահության քվեով հիմք դրվի հայրենիքի հետագա զարգացման ու զորացման նոր էջերին»:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն

Տեսանյութեր

Լրահոս