Գրագետ քարոզարշավ իրականացնելու դեպքում «Ոչ»-ը հաղթելու է. Քաղտեխնոլոգ

«Կարող ենք ասել, որ նախորդ տարվա մայիսից էպոպեան՝ դատական համակարգի և Սահմանադրական դատարանի հետ կապված, ապրիլի 5-ի հանրաքվեով մոտենում է իր ավարտին։ Վերջին 6-7 ամիսներին բոլոր քննարկումներն իրականացվում էին միայն այդ թեմայով, բայց հիմա մոտենում ենք վերջնական հանգրվանին, բայց եթե փետրվարի 27-ին ՍԴ դատավորները որոշեն օգտվել վաղաժամ կենսաթոշակի գնալու համակարգից, գուցե հանրաքվեի հարցը դուրս գա օրակարգից»,- լրագրողների հետ հանդիպման ըհնթացքում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Ըստ քաղտեխնոլոգի՝ արդեն որոշակիորեն հայտնի է քաղաքական ուժերի հարաբերակցությունը՝Հայ Հեղափոխական Դաշնակցությունն արդեն հայտնել է իր դիրքորոշումը՝ չի մասնակցելու անօրինական գործընթացին, նույնն էլ Հանրապետական կուսակցությունն է հայտարարել, հավանաբար ԲՀԿ-ն էլ կդրսևորի չեզոքություն։ Ի դեպ, ասուլիսից ժամեր անց հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունը  քաղհորհրդի նիստում  որոշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու հանրաքվեի անցկացման գործընթացին:

Իսկ քաղտեխնոլոգի  բնորոշմամբ՝ հանրաքվեն զուտ իրավական գործընթաց չէ, այն քաղաքական է, և կարելի է ասել, որ հանրաքվեի ժամանակ իշխանությունների  իրականացնելիք ռազմավարությունը լինելու է «սևի» և «սպիտակի» բաժանումը, այսինքն՝ երկու տարի անցել է, բայց իշխանությունը փաստացի կրկնում է«Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը։

«Այս ամենը վկայում է մեկ բանի մասին, որ այս երկու տարին անիմաստ է անցել, եթե երկու տարի մարդը առաջ է գնում նույն կարգախոսով, նշանակում է՝ այդ երկու տարում ոչինչ չեն արել։ Երկու տարին տրված է  ապագային նայելու համար»,- շեշտեց նա։
Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ 2018 թվականի ապրիլյան դեպքերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց երկրում կառուցել անձնիշխան համակարգ, այն համակարգը, որն այսօր գործում է Բելառուսում, նույնը ցանկանում է  անել նաև վարչապետ Փաշինյանը Հայաստանում։

«Եթե Սահմանադրական դատարանն այդ համակարգի մեջ ներառելը հաջողությամբ պսակվի, ապա կմնա մի քանի ինստիտուտ, որոնք այս պահին համակարգում չեն, օրինակ՝ եկեղեցին, լրատվականները և Արցախի իշխանությունները, բայց ինչպես տեսնում ենք, աստիճանաբար այս ինստիտուտների հարցն էլ պետք է լուծվի, քանի որ ամեն ինչ դրան են տանում։ Այս համակարգը հենց այնպես չի ստեղծվում, որը, ի դեպ, ժողովրդավարական չէ։ Կան տեսակետներ, որ շուտով Արցախի հարցի հետ կապված անհրաժեշտ է լինելու հայ բնակչության հավանությունը, և կախված նրանից, թե ՍԴ-ում դատավորների ինչ կազմ կունենան, ըստ այդմ էլ կկարողանան հետագայում այդ հարցն իրենց օգտին օգտագործել։ Հնարավոր է՝ ՍԴ-ում այնպիսի կազմ լինի, որը թույլ չտա որոշակի հարցեր դնել հանրաքվեի»,- նշեց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ գործընթացներից արդեն հասկանալի է, որ «Ոչ»-ի շտաբը ղեկավարելու է քաղհասարակությունը, և եթե հաջողվի գրագետ իրականացնել «Ոչ»-ի քարոզարշավը՝ միանշանակ հաղթելու են, քանի որ «Այո»-ի դրդապատճառները շատ թույլ են։
««Ոչ»-ը պոտենցիալ հաղթող է»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս