
«Ընտրությունների ժամանակ պաշտոնական խոսք է համարվում ոչ թե Մուկուչյանի խոսքը, այլ արձանագրությունը կոնկրետ տեղամասից». Ալեն Սիմոնյանը՝ Տիգրան Մուկուչյանի հասցեին հնչող մեղադրանքների մասին

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Հանրապետական կուսակցության տարածած հայտարարությանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի հետևել, նրա կարծիքով՝ քաղաքական օրակարգում ՀՀԿ-ի խոսքն այդքան էլ կշիռ չունի։
«Կարծում եմ՝ այդ հայտարարությունը կարելի է համարել ևս մեկ դրդապատճառ, որպեսզի շատ ակտիվ մարդիկ մասնակցեն հանրաքվեին։ Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձելու են և փորձում են քողարկված և բացեիբաց սաբոտաժի ենթարկել հանրաքվեի գործընթացը, այսինքն՝ անել ամեն ինչ, որպեսզի չլինի բարեփոխումը, որն իր մեջ ներառում է շատ խնդիրներ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց Ալեն Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ Սահմանադրական դատարանն այսօր քաղաքականացված է, և նրա նախագահն ընտրվել է անօրինական ձևով և փաստացի ներկայացնում է քաղաքական մի ուժ և զբաղվում է քաղաքականությամբ։
«Դուք բոլորդ լսել եք, որ միշտ ասում են, թե՝ հես ա երեք ամիս կամ չորս ամիս հետո հետ են գալիս, հես ա բոլոր հարցերը լուծելու են, և այլն, այդ բաստիոններից մեկը, որը մնացել է, դատական իշխանությունն է՝ իր Հրայր Թովմասյանով»,- շեշտեց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ իշխանություններն ասում են, որ նախկիններից պետք է ազատվել, և գործընթաց են սկսել Հրայր Թովմասյանի դեմ, սակայն ոչինչ չեն անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից ազատվելու համար, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե իրենք ասել են, որ վենդետա չի լինելու:
«Եթե զուգահեռներ եք անցկացնում Հրայր Թովմասյանի և Գլխավոր դատախազի միջև, ապա Հրայր Թովմասյանի հետ կապված կա քրեական գործ, նա քաղաքականացված մարդ է, ոչ քաղաքական մարմնի մեջ, եկեք թացը չորից տարբերենք»,- նշեց նա։
Դիտարկմանը՝ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մուկուչյանին մեղադրում էր ընտրությունները կեղծելու մեջ, Ալեն Սիմոնյանը նշեց, որ լրագրողը երևի ինչ-որ բան «խառնում է», քանի որ ժամանակին ընդդիմությունը հայտարարել է, որ ունի խնդիր ընտրատեղամասերում ներկայացուցիչներ ապահովելու համար. «Ընտրությունների ժամանակ պաշտոնական խոսք է համարվում ոչ թե Մուկուչյանի խոսքը, այլ արձանագրությունը կոնկրետ տեղամասից, որը ստանում է յուրաքանչյուր դիտորդ, և այդ արձանագրությունները հավաքելով՝ ունենում ենք ընտրությունների տվյալները։ ԿԸՀ-ն արդեն երկու համապետական ընտրություն է անցկացրել, որը որևէ մեկի մոտ կասկած չի հարուցել»։