Խնդրում եմ վարչապետին՝ մեկ անգամ արտաբերել. «Արցախը երբևէ որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում». Արա Վարդանյան
«Վերջին երկու տարվա մեջ ականատես ենք Արցախի հարցում շատ լուրջ զարգացումների: Ինչքան էլ իշխանության ներկայացուցիչներն ասեն, որ բանակցություններ տեղի չեն ունենում, սեղանին թուղթ չկա, մենք տեսնում ենք, որ խայտաբղետ հայտարարություններ կան տարբեր տեղերից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ադեկվադ»,- միաբանության անդամ Արա Վարդանյանը:
«Ակներև է, որ Արցախի հարցում այս իշխանությունները մեզ դեպի անդունդն են տանում: Դիմում եմ վարչապետին՝ խնդրում եմ մեկ անգամ արտաբերել հետևյալ նախադասությունը. «Արցախը երբևէ որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ես ավելին չեմ ուզում լսել: Նույնը թող անի մեր ԱԳ նախարարը: Գերտերությունները Հայաստանում շատ լուրջ խաղ են փորձում խաղալ: Մենք փոքր, բայց շատ կարևոր տարածք ենք զբաղեցնում, և այսօր փորձում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ Հայաստանն առանց Արցախի չի կարող գոյատևել: Ոչ թե Հայաստանն է Արցախի երաշխավորը, այլ Արցախն է մեր անկախության երաշխավորը»,- հավելեց Արա Վարդանյանը:
ՇՊՀ կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը՝ պարզաբանեց. «Ընդհանրապես ցանկացած կոնֆլիկտ լուծման երկու փուլ է անցնում. սկզբից լուծվում է ուժի իրավունքով, հետագայում՝ իրավունքի ուժով: 1990-ական թթ. ազգովի ցույց տվեցինք, որ կարող ենք ուժի իրավունքով լուծել այդ խնդիրը: Արցախի հարցն իր վերջնական լուծումն արձանագրելու է ոչ թե Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոսկվայում, այլ Արցախի հարցի վերջնական լուծումը կախված է նրանից, թե, օրինակ, վաշտերը քանի հոգով են կոմպլեկտավորվում»: