New York Times-ին հայտնի է դարձել Իրանի և ԱՄԷ-ի գաղտնի բանակցությունների մասին
2019 թվականի սեպտեմբերի վերջին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Իրանի ներկայացուցիչներն ԱբուԴաբիում գաղտնի բանակցություներ են վարել, որոնց նպատակը եղել է տարածաշրջանի իրադրության կայունացումը: Այդ մասին գրել է ամերիկյան The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների իշխանությունների՝ անունները չհայտնած ներկայացուցիչների։
Հրատարակությունը հիշեցնում է, որ իրադարձությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության իննամսյա աճի թեժ պահին, որն սկսվեց Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների սաստկացումից եւ «հասավ գագաթնակետին, երբ երկու երկրներն ուղղակի ռազմական առճակատման գնացին էլ ավելի ընդգրկուն եւ արյունալի բախման շեմին»:
Իր հերթին, նշում է NYT-ն, ԱՄԷ-ն գաղտնի բանակցություններ է սկսել Իրանի հետ, երբ Աբու Դաբին որոշել է, որ կարող է բացառիկ դեր խաղալ տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Ըստ որում իրանական կողմի հետ անմիջական բանակցությունները դարձել են Էմիրությունների ավելի լայն տարածաշրջանային ռազմավարության բաղկացուցիչ մասը:
The New York Times-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան նույնպես փորձել է «դիվանագիտական բեկման» հասնել Թեհրանի հետ հարաբերություններում՝ ապավինելով Իրաքից եւ Պակիստանից միջնորդների օգնությանը: «Մի քանի իրանցի դիվանագետների եւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի անդամների տեղեկատվության համաձայն՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին կուլիսային դեր է խաղացել երկու միապետություններում (Սաուդյան Արաբիա եւ ԱՄԷ) բանակցությունների կարգավորման հարցում: Ասպիսով, եզրակացնում է հրատարակությունը, «հակաիրանական դաշինքը, որը փորձում էր կազմել Թրամփի վարչակազմը, սկսել Է երերալ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: