Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Հայրապետյանը` Ադրբեջանի ընտրությունների մասին
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով` Ադրբեջանի ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հայրապետյանն ասաց փետրվարի 14-ին տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գլխավոր նպատակը խորհրդարանը երիտասարդացնելն էր: Բայց 125 պատգամավորից ընդամենը 45-ն են նոր, որոնցից երիտասարդ կարող են համարվել 10-12 հոգի: Շատ հետաքրքիր է այն գործընթացը, որը տեղի է ունենում այժմ: Իշխող ընտանիքը չկարողացավ հասնել իր համար ցանկալի պատկերի ձևավորմանը, և այժմ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղված է ընտրված պատգամավորներից մանդատներ ետ վերցնելով: Ընտրությունները կեղծել էին, բայց իրենց ուզած պատկերը չէին ստացել, այս առումով ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս»,- ասաց Հայրապետյանը։