«Ով կասի, որ հեղափոխությունը խլում են, իմացեք՝ նա ստախոս է». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ իրենց դեմ սանձազերծված է «կարմիր գծերը» խախտած, բոլոր սահմաններից դուրս հակաքարոզչություն, և այդ ամենն արվում է այն բանի համար, որ իրենք իշխանության հետ համաձայն չեն։
«Այս ընթացքում բարձրաձայնած մեր ամենահիմնավոր մտահոգությունն այն է, որ իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է՝ նախկին են, ծախված են, հիմա ի՞նչ է եղել մեր մեջ՝ ոչ մի բան, պարզապես մեկ հարց կա, որին համաձայն չենք, իրենք ուրիշ ձև են տեսնում, մենք՝ ուրիշ, ինչի համար էլ մեզ այսպես են անում։ 50 հատ բան են գրում, մենք 5 հատ պատասխան ենք տալիս, լավ, այդ պատասխանն էլ չտա՞նք, կարող ենք դա էլ չանել։ Այսօր մենք, օրինակ, կարող ենք Սիրահարների տոնի հետ կապված մորատորիում հայտարարել և նրանց գրածներին չպատասխանել»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց Էդմոն Մարուքյանը։
Նա վստահեցնում է, որ այս իրավիճակից չեն հոգնել, քանի որ բարձր դիմադրողականություն ունեն, սակայն ամեն ինչ արդեն անլրջանում է, որովհետև վերածվում է ատելության քարոզի, որն էլ լավ տեղ չի տանում։
Էդմոն Մարուքյանը լրագրողներին խնդրեց, որ իրենց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված որևէ հարց չտան, քանի որ իրենց կարծիքն արդեն հայտնել են։
«Այս երկիրն այնքան խնդիր ունի, որ պետք է զբաղվել այդ խնդիրներով, դրանցով կզբաղվենք և որևէ բանից հետ չենք մնա»,- հավելեց նա։
Անդրադառնալով իշխանության կողմից հնչող բնորոշումներին, թե իրենց այս պահվածքով փորձ են անում ժողովրդից խլել հեղափոխությունը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ հեղափոխությունը որևէ մեկից չեն կարող խլել, և նման խոսակցությունները սուտ են.
«Ով որ կասի, որ հեղափոխությունը խլում են, իմացեք, որ նա սուտ է ասում, ստախոս է»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Նա նաև անդրադարձավ Թևան Պողոսյանի հայտարարությանը, որ, եթե խորհրդարանում իշխանությունն ու ընդդիմությունն իրենց նման կերպ պահեն, ապա պատրաստ է 132 պատգամավորին էլ իր տուն հրավիրել, ինչպես ժամանակին հրավիրել էր Փաշինյանին և Մարուքյանին՝ հաշտեցնելու նպատակով։
«Թևան Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել, այդ երեկոյից հետո Նիկոլ Փաշինյանն ամենավատ ելույթն է ունեցել Վանաձորում, հետևաբար՝ իրեն չի հաջողվել այդ ժամանակ մեզ մերձեցնել, մարդիկ ուղղակի այդ պատմությունը սխալ են հիշում»,- նշեց ԼՀԿ-ի ղեկավարը:
Նա նաև ընդգծեց, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև որևէ «սև կատու» չի անցել, միմյանց հետ անձնական խնդիրներ չունեն, տարաձայնությունները միայն քաղաքական են։