Ավելի քան 30 երկիր օգնություն է ուղարկել Չինաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Արդեն ավելի քան 30 երկիր եւ միջազգային չորս կազմակերպություն Չինաստանին օգնություն են ուղարկել երկրին անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների տեսքով, ինչի համար Պեկինն անկեղծորեն շնորհակալ է: Այդ մասին փետրվարի 14-ին առցանց-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։
«Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Չինաստանը հիմնականում ապավինում է իր ուժերին, մենք դրա համար ունենք ե՛ւ վստահություն, ե՛ւ հնարավորություններ: Միեւնույն ժամանակ մենք ողջունում եւ խորապես գնահատում ենք անկեղծ ու բարեկամական աջակցությունը միջազգային հասարակայնության եւ, հատկապես, այլ զարգացող երկրների կողմից: Փետրվարի 14-ի կեսօրի դրությամբ 33 երկրների կառավարություններ ու միջազգային չորս կազմակերպություն Չինաստանին օգնություն են ուղարկել բժշկական նշանակության ապրանքների տեսքով»,-հայտնել է դիվանագետը:
Նրանց կողմից նշված երկրների թվում են՝ Ռուսաստանը, Ալժիրը, Բելառուսը, Կամբոջան, Կանադան, ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Գանան, Հունգարիան, Ինդոնեզիան, Իրանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ղազախստանը, Մալայզիան, Նեպալը, Նոր Զելանդիան, Պակիստանը, Ֆիլիպինները, Տաջիկստանը, Թաիլանդը, Տրինադադը եւ Տոբագոն, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, ԵՄ-ն եւ ուրիշներ:
Գեն Շուանը նաեւ հավելել է, որ եւս 17 երկիր եւ մեկ միջազգային կազմակերպություն հայտարարել են ՉԺՀ համապատասխան օգնություն ուղարկելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում շատ մարդիկ, որոնք ներկայացնում են հասարակության տարբեր խավեր եւ տարբեր ազգություններ, ուժերի ներածին չափով տարբեր եղանակներով օգնություն ու աջակցություն են ցուցաբերել Չինաստանին, հաղորդել է ՌԻԱ Նոոստին: