Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին փոփոխությունների ճանապարհին
Բեռլինում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում էր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, հիմնադրամում վարչապետը մասնակցեց ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ՝ «Տևական համագործակցության նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպմանը։
Հիմնադրամի համանախագահ Կլարա Գեյվիցն իր ողջույնի խոսքում նշեց, որ ուրախությամբ է հյուրընկալում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Հայաստանը միշտ եղել է տարբեր մշակույթների խաչմերուկում, սակայն պահպանել է իր ինքնությունը։ Այսօր էլ Հայաստանը քաղաքական կարևոր դերակատարում ունի։ Տեսնում ենք, որ բարի դրացիական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ֊ի անդամ երկիր է և միաժամանակ ԵՄ֊ի հետ ունի ստորագրած համապատասխան համաձայնագիր»,- ասաց Կլարա Գեյվիցը։
Նա արձանագրեց, որ Գերմանիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և կարևոր է համարում համագործակցության խորացման հնարավորությունները։ Կլարա Գեյվիցը նկատեց, որ Հայաստանը կարող է դառնալ գրավիչ երկիր արտասահմանյան ներդրողների համար։ Նա կարևոր համարեց պետությունը տնտեսապես ավելի կայուն դարձնելու ծրագրերը, աշխատատեղերի ստեղծումը։
«Նոր կառավարությունը, ստանձնելով պարտավորություններ, առճակատվում է հին բեռի հետ։ Համոզված ենք, որ դյուրին չէ փոփոխություններին հասնելը, և մենք կարող ենք մեր նպաստը բերել այդ զարգացումներին», – ֊ասաց Կլարա Գեյվիցը։
Նա նկատեց, որ հիմնադրամն ունի ներկայացուցչություն Հայաստանում և տարբեր միջոցառումների շրջանակում իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին։ Կլարա Գեյվիցն ընդգծեց, որ հիմնադրամում անցկացվող այս հանդիպումը լավ հնարավորություն է համագործակցությունը խորացնելու առումով։