2008 թ. մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց 145 միլիոն դրամ տրամադրելու հարցը՝ Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում
Բազմիցս խոսվել է այն մասին, որ Կառավարության նիստերի ժամանակ առյուծի բաժին ունեն չզեկուցվող հարցերը: Թե ինչ ու ինչու է թաքցնում Կառավարությունը հասարակությունից, պարզ է դառնում չզեկուցվող հարցերի մոնիտորինգից:
Այսպես, այսօր չզեկուցվող հարցերի թվում էր Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ համայնքներին դրամաշնորհներ տրամադրելու` համապատասխան մարզի համայնքների հետ կնքված դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի «1212 Տարածքային զարգացում» ծրագրի «12008 Ֆինանսական փոխհատուցում տեղական ինքնակառավարման մարմիններին» միջոցառման գծով նախատեսված 3,486,363.7 հազ. դրամ գումարը տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացնելու հարցը:
Կառավարության նիստում նույնպես առանց զեկուցելու հավանություն տրվեց 2019 թվականի սեպտեմբերի 10-ին Բեռլինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «2013 թվականի ապրիլի 19-ին կնքված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը» կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Որոշվեց միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:
Ուշագրավ է, այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը չի խորշում ՍԴ-ն «բուդկա» անվանել, Կառավարությունը, այնուամենայնիվ, դիմում է ՍԴ:
Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի (Արաբկիր վարչական շրջան) Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 410 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնելու հարցը կրկին չզեկուցվողների թվում էր:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ստեղծված կամ կառավարվող հարկ վճարողների տեղեկատվական համակարգից տրամադրվում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում, ինչպես նաև հարկային հաշվարկներում (հաշվետվություններում) ներառված տեղեկատվությունը։ Սույն կետով սահմանված տեղեկատվության հայցման և տրամադրման ձևաչափի և տեխնիկածրագրային միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և վարկային բյուրոյի միջև կնքված պայմանագրով: Այս հարցը նույնպես չզեկուցվողների թվում էր:
Չզեկուցվող հարցերի թվում էր նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-449-21.01.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը հավանություն տալու հարցը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության 2003-2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի մնացորդ հաշվառված գույքից հետ վերցնելու և Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, համաձայն N 5 հավելվածի, ամրացնելու հարցը նույնպես չզեկուցվող էր:
Չզեկուցվեց նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից` 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման նպատակով 2020 թվականի առաջին եռամսյակում 145,000.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացնելու հարցը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 75-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը կրկին ներառված էր չզեկուցվողների թվում:
Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը ևս չզեկուցվող էր: Մարզիկը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ատլետիկայի ազգային հավաքականի թիմում, նախապատրաստվում է և մասնակցելու է 2020 թվականին Ճապոնիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:
Չզեկուցվող էր նաև Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի, մրցույթով՝ որպես գույքի առանձին տարրեր, օտարելու հարցը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 14-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 214-Ա որոշման հավելվածում լրացումներ և փոփոխություն կատարելու հարցը կրկին չզեկուցվողների թվում էր:
Ընդհանուր առմամբ, կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 35 հարցերից 28-ը չզեկուցվող էին: