Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, նախարարը պատասխանատու կլինի վարչապետի առջև. Արմեն Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ռազմավարությունն առաջիկայում ամբողջովին փոխելու է համակարգը, քանի որ այսօրվա գործող ոստիկանությունը համարժեք չէ հանցավորության տիրող իրավիճակին, որովհետև ոստիկանությունը չունի այն անհրաժեշտ գործիքակազմը, լիազորությունները, որոնք անհրաժեշտ են իր առջև դրված խնդիրները լուծելու համար:

«Այս մշակված ռազմավարությունը բավականին լավ փաստաթուղթ է, մեծ ծավալի աշխատանք է կատարված, և այս ռազմավարության իրականացմանն ուղղված քայլերով ոստիկանությունը կգա մի այնպիսի վիճակի, որ հանցավորությանը համարժեք, տեխնիկապես զինված և այսօրվա ժողովրդավարական իրավակարգին համապատասխան ոստիկանություն կունենանք: Ամենակարևորը՝ կբարձրանա ոստիկանության իմիջը, օրվա իշխանությանը ծառայող և հարկադրանք կիրառող ոստիկանության իմիջը կփոխակերպվի հասարակության հարգանքը վայելող ոստիկանի կերպարի»,- նշեց Արմեն Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի, ոստիկանությունում կիրականացվեն նաև մի շարք կառուցվածքային փոփոխություններ`կստեղծվի պարեկային ոստիկանություն, օպերատիվ կառավարման կենտրոն, որը հնարավորություն կունենա արագ արձագանքել իրավախախտումների և պատահարների դեպքերին, կկազմակերպվի նաև պարեկային ոստիկանական ուժերի և միջոցների տեղաբաշխումն ըստ  անհրաժեշտության: Բարեփոխումներ կիրականացվեն նաև քրեական ոստիկանությունում:

«Գիտենք, որ 2014 թվականին, երբ ստեղծվել է Քննչական կոմիտեն, ոստիկանությունից վերցվել է նախաքննությանը մասնակցելու լիազորությունը, որը բավականին թուլացնում է ոստիկանությանը: Այսօր, կարելի է ասել, նախաքննության գործընթացին ոստիկանությունը չի մասնակցում: Նախնական ռազմավարությամբ դիտարկվում է այսպես, որ ունեցվածքի, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մի մասով ոստիկանությունը պետք է ունենա քննություն իրականացնելու հնարավորություն և լիազորություններ՝ գործը բացահայտելու և դատարան ուղարկելու համար»,- շեշտեց նա:

Նա նաև ընդգծեց, որ միայն պարեկային ոստիկանության մասով 1,5-2 տարի ուսումնասիրություններ են կատարվել, որից հետո էլ պատրաստվել է բարեփոխումների ռազմավարությունը, որը նախատեսված է իրականացնել մինչև տարվա վերջ:

Մշակված ռազմավարության համաձայն՝ կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, որի նախարարը պատասխանատու կլինի վարչապետի առջև, նաև հաշվետվություն կներկայացնի ԱԺ-ին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս