Բաժիններ՝

Երեխային ապօրինի բաժանելու դեպքի առթիվ ևս մեկ քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն է ստացվել Նաիրա Այվազյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում նրա նորածին երեխային փոխելու վերաբերյալ դիմումը:

Դատախազություն էր ստացվել նաև Նաիրա Այվազյանի ներկայացուցիչ փաստաբան Սուսաննա Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ նախկինում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։

«Դիմումի և միջնորդության քննարկման ընթացքում պահանջվել և ՀՀ քննչական կոմիտեի արխիվից ստացվել, ուսումնասիրվել է այդ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով հարուցված և հանցակազմի բացակայության հիմքով 29.12.2017թ. վարույթը կարճված քրեական գործը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան, ինչպես նաև անցել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերացման համար նախատեսված ժամկետները:

Սակայն նկատի ունենալով, որ դիմումում և միջնորդության մեջ նշված է եղել այն մասին, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում Նաիրա Այվազյանի նորածին երեխան փոխվել է, ինչն իր մեջ կարող է պարունակել ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ՝ Նաիրա Այվազյանի դիմումը և Սուսաննա Սարգսյանի միջնորդությունը 31.01.2020թ. ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և այդ շրջանակներում դիմումի ու միջնորդության մեջ վերը հիշատակված հանգամանքներում հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Նաիրա Այվազյանն իր բացատրությամբ պնդել է, որ իր երեխային ծննդաբերությունից հետո փոխել են, քանի որ նախաքննության ընթացքում ինքը երեխայի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը չի ծանոթացել: Նշել է, որ վերոնշյալ փորձաքննության եզրակացությանը ծանոթացել է վերջերս իր փաստաբանի հետ, ինչից համոզվել է, որ իր երեխային փոխել են, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության լուսանկարներում պատկերված մահացած երեխան այն երեխան չէ, որին իրեն ցույց են տվել ծննդաբերությունից անմիջապես հետո:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՌԴ-ից նույնաբովանդակ դիմում է ստացվել Ն. Այվազյանի ամուսնուց:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հանցագործության հատկանիշներ և դրանք անհրաժեշտ է պարզել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ՝ դատավարական, քննչական և օպերատիվ-հետախուզական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ, փետրվարի 13-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ»,- գրել է Աբրահամյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս