
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բեռլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բեռլին: Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյան, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան, ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և այլք:
Բեռլինում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:
Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ: