Ճապոնիայում ևս 44 մարդ է կորոնավիրուսով վարակվել Diamond Princess ճամփորդանավում
Ճապոնիայում Diamond Princess ճամփորդանավում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվն ավելացել է 44 դեպքով՝ մինչեւ 218, իշխանությունները որոշում են ընդունել մինչեւ կարանտինի ժամկետի լրանալը նավից իջեցնել տարեցներին: Այդ մասին փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է երկրի առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Կացունոբու Կատոն։
Նրա խոսքով՝ նոր վարակվածների թվում են Diamond Princess-ի 43 ուղեւոր եւ անձնակազմի մեկ անդամ: Ընդհանուր առմամբ նավում վարակվել է 218 մարդ: Կարանտինը, որը սահմանվել է նոր կորոնավիրուսով ուղեւորների եւ անձնակազմի մի մասի վարակման պատճառով, լրանում է փետրվարի 19-ին, եթե լրացուցիչ չերկարաձգվի: Ընդամենը Diamond Princess-ում գտնվում է շուրջ 3,6 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: