Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 սմարթֆոնը՝ երեք տարատեսակով
Հարավային Կորեայի Samsung կորպորացիան փետրվարի 11-ին Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ) ներկայացրել է Galaxy S20 5G նոր սմարթֆոնը: Մամուլի ասուլիսը հեռարձակվել է ընկերության կայքում։
Samsung-ի ներկայացուցիչները ցուցադրել են սարքի երեք տարատեսակները՝ ստանդարտ Galaxy S20 5G-ն, Galaxy S20 Plus 5G-ն՝ մեծացված էկրանով, ինչպես նաեւ ամենամեծ եւ ամենակատարելագործված Galaxy S20 Ultra 5G-ն: Դրանք բոլորը թույլ են տալիս օգտագործել հինգերորդ սերնդի 5G ցանցերը:
Սովորական S20-ն ստացել է 6,2 դյույմ, S20 Plus -ը՝ 6,7 դյույմ, իսկ S20 Ultra-ն 6,9 դյույմ անկյունագծով էկրան: Բոլոր երեք տարատեսակներն էլ հանդերձված կլինեն Qualcomm Snapdragon 865 պրոցեսորով, դրանք կունենան 12 ԳԲ հիշողություն, հիշասարք՝ 128-ից մինչեւ 256 ԳԲ ունակությամբ՝ ընդլայնման հնարավորությամբ: Սարքի նախապատվերն, ինչպես սպասվում է, ԱՄՆ-ում հնարավոր կդառնա փետրվարի 21-ին, սմարթֆոնները մատչելի կլինեն մարտի 6-ից: S20-ն՝ ամենապարզ համալրմամբ, ԱՄՆ-ում կարժենա 999 դոլար: Samsung-ի ներկայացուցիչները նաեւ հայտարարել են, որ իջեցնում են Galaxy S10 սմարթֆոնների գները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: