«Հրայր Թովմասյանն իր տրանսֆերով գերազանցել է եվրոպացի ամենահայտնի ֆուտբոլիստին». Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ պետությունը չպետք է իրեն թույլ տա մեծ շռայլություններ և հանրաքվեի անցկացնելու համար տրամադրի 3,5 մլրդ դրամ:
«Մեր երկիրը նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի, հիմա չգիտեմ՝ 3 թե 3,5 միլիարդ է, թող լինի 2,5 միլիարդ, այդ գումարն այնքան ծախսելու տեղ կա, կարող էին սահմանը համալրել անհրաժեշտ տեխնիկայով, աղետի գոտում բազմաթիվ անօթևան ընտանիքների կացարաններ տային, շրջաններում զոհված ազատամարտիկների ընտանիքներ կան, թող նրանց բնակարանով ապահովեին: Ասել եմ ու կրկնում եմ՝ Հրայր Թովմասյանն իր տրանսֆերով գերազանցել է եվրոպացի ամենահայտնի ֆուտբոլիստին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:
Ըստ պատգամավորի, եթե Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաղթանակած լիներ, և մարդկանց կենսամակարդակը բարձր լիներ, այդ դեպքում այդքան գումար ծախսելը գոնե մեղմացուցիչ կլիներ: Բայց երբ տնտեսական հեղափոխությունը մնացել է օդից կախված, և չկա որևէ ակնկալիք, ըստ Պետրոսյանի՝ ճիշտ չէ մեկ անձից ազատվելու համար այդքան գումար ծախսել:
«Իշխանություններն ասում են, թե անցյալից մնացուկներ են, որոնցից պետք է ազատվեն, թող իրենց հորիզոնը լայն բացեն և տեսնեն, թե անցյալից որքան մնացուկներ կան, որոնք ոչ միայն պատիվ չեն բերում պետականաշինությանը, այլև խայտառակում են իրենց անունով ու ներկայությամբ»,- շեշտեց պատգամավորը: