Հովհաննես Քոչարյանը կրկին պաշտո՞ն կզբաղեցնի
Երեկ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հովհաննես Քոչարյանի հետ քննարկումների արդյունքում ֆիքսեցինք հետևյալը.
ՀՀ իշխանությունը ժողովուրդն է, մնացած բոլոր քննարկումները ստորադաս են ժողովրդի իշխանության և կամքի առաջ, հետևաբար բոլոր որոշումները, որը կայացնում է ժողովուրդը, չի կարող լեգիտիմության խնդիր առաջացնել»:
Գրառմանը կից ԱԺ պատգամավորը մի լուսանկար էր հրապարակել, որում, բացի իրենից ու նախկին փոխոստիկանապետից, կար նաև իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, ով նախկին իշխանությունների օրոք աշխատում էր ոստիկանական համակարգում, ինչպես նաև իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Հայկ Գևորգյանը:
168.am-ի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորները վարչապետից առաջադրանք են ստացել ամեն կերպ ոստիկանական համակարգ վերադարձնել Հովհաննես Քոչարյանին: Մեզ չհաջողվեց պարզել, թե կոնկրետ ի՞նչ է առաջարկվել նրան, սակայն, դատելով հանդիպման փաստից ու լուսանկարի ուրախ տրամադրությունից՝ այժմ փաստաբանական գործունեություն ծավալող նախկին փոխոստիկանապետը կարծես թե դեմ չէ սեղմել իրեն պարզված ձեռքը:
Ինքը՝ Հովհաննես Քոչարյանը, կտրականապես հերքեց տեղեկությունը, թե գործադիրից առաջարկ ունի՝ կրկին պաշտոնավարելու:
«Ձեր աղբյուրները թյուրիմացության մեջ են»,- ծիծաղելով ասաց նախկին փոխոստիկանապետը:
Կզբաղեցնի՞ կրկին պաշտոն Հովհաննես Քոչարյանը, թե՞ ոչ, թե սա սոսկ թեյախմություն էր՝ «շատ գիտես, քիչ խոսիր» տրամաբանության շրջանակներում, իհարկե, ցույց կտա ժամանակը, սակայն հիշեցնենք, որ դեռևս բոլորովին վերջերս Հովհաննես Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում վստահեցնում էր, որ փաստաբանությամբ զբաղվելն իրեն շատ է դուր գալիս, և, որ իր համար պետական ծառայության էջը փակված է: