Բաժիններ՝

Վարչապետը խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը, կանխորոշել քննության ընթացքը, մեղադրական դատավճռի կայացումը. Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբաննները հայտարարություն են տարածել

Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը և Սյուզաննա Խչեյանը հանդես են եկել հայտարարությամբ:

Փետրվարի 7-ին 3000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց առանց մաքսային ձևակերպման բեռնատար բաց թողնելու համար ձերբակալվել էր «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը:

Փաստաբանների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2020թ․ փետրվարի 6-ին, կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսայինի մի շարք աշխատակիցներ։ Վարչապետը հայտարարել է, որ «Մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով»։

Ն․ Փաշինյանը նշել է, որ զարմանում է նման մարդկանց տրամաբանության վրա, քանի որ տպավորություն է, որ այդ մարդիկ հեռուստացույց չեն դիտում և լուրերին չեն հետևում և հավելել է, որ կոռուպցիան արմատախիլ են անելու, և բոլոր նրանք, ովքեր կկասկածեն այդ հարցում, ճաշակելու են այդ կասկածների ամենադառը պտուղները։

Վարչապետի հայտարարությանը չէր նախորդել ՀՀ որևէ իրավապահ մարմնի պաշտոնական հաղորդագրություն Բավրայի մաքսակետում կատարված առերևույթ հանցագործության որևէ դեպքի մասին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իր վերոգրյալ հայտարարությամբ վարչապետ Ն․ Փաշինյանը ոչ միայն խախտել է առերևույթ հանցագործության կատարմանը առնչություն ունեցող անձանց անմեղության կանխավարկածի սկզբունքը, այլև՝ կանխորոշել ողջ քննության հետագա ընթացքը և մեղադրական դատավճռի կայացումը։ Վարչապետի հայտարարության պայմաններում, վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ստացել է «կանաչ լույս» իրականացնելու ցանկացած՝ անգամ օրենքով արգելված քննչական ու դատավարական գործողություններ վարչապետի ուղղակի «ցուցումը» կատարելու և անձանց առերևույթ հանցագործության կատարման մեջ մեղադրելու համար։

2020 թվականի փետրվարի 7-ին ներկայացել ենք ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի աշխատասենյակ և ծանուցվել երկու կասկածյալների միջև առերեսում կատարվելու մասին։ Մինչև քննչական գործողությունը սկսելը, իմ և փաստաբան Սյուզաննա Խչեյանի պաշտպանյալը հայտարարել է, որ երկու գիշեր չի քնել, Երևան քաղաքի քննչական վարչության ձերբակալվածների պահման վայրում ընդունել է մի քանի դեղահաբ, ուստի հրաժարվում է քննչական գործողությանը մասնակցելուց, քանի որ չի գիտակցում քննչական գործողության էությունն ու բովանդակությունը, պատշաճ ու ողջ ծավալով չի ընկալում կատարվող գործողության նշանակությունը։ Հիշյալ հայտարարությունից հետո քննիչն արձանագրելով, որ կասկածյալը իրավունք չունի հրաժարվել քննչական գործողությանը մասնակցելուց, այլ կարող է մասնակցելով այդ գործողությանը՝ հրաժարվել ցուցմունքներ տալուց, շարունակել է կատարել առերես հարցաքննությունը։

Հայտարարել ենք, որ հրաժարվում ենք մասնակցել իրականացվող ապօրինի գործողությանը, քանի որ այն կատարվում է մեր պաշտպանյալի նկատմամբ, խոշտանգման տարրեր պարունակող հոգեբանական բռնության պայմաններում և դուրս ենք եկել քննիչի աշխատասենյակից։ Նույն ժամանակ մեր պաշտպանյալը հայտարարել է, որ հրաժարվում է իր պաշտպանների բացակայությամբ մասնակցել իրականացվող քննչական գործողությանը։ Մեր դուրս գալուց հետո, քննիչը, աշխատասենյակի դուռը ներսից փակելով, մեր պաշտպանյալի կամքին հակառակ իրականացրել է առերես հարցաքննությունը։

Այսօր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, քննարկվելու է քննիչի միջնորդությունը՝ մեր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, սակայն մինչև միջնորդության քննարկումն արդեն իսկ համոզված ենք, որ դատարանը բավարարելու է քննիչի միջնորդությունը։

Վերոգրյալ համոզումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարչապետի հայտարարությունն արդեն իսկ դատարանի վրա ճնշում գործադրելու ակնհայտ իրողություն է, որի պարագայում դատարանը կաշկանդվելով գործադիր մարմնի ղեկավարի «ցուցումով» չի ընդդիմանալու վարչապետի կանխակալ կարծիքին՝ հետագայում նաև հանրային-ֆեյքային հարձակումից զերծ մնալու նպատակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս