Ավանդական հասարակության կազմաքանդումը. «Օվերտոնի պատուհանը»

Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում, պատերազմների վարման տեսանկյունից, ավելի արդյունավետ է դարձել հոգեբանորեն դասալքել, բարոյապես ապականել և մասնատել  հակառակորդի հասարակությանը, քան զենքի ուժով կամ դրա սպառնալիքով նվաճել վերջինիս:

Նվաճման մանիպուլյատիվ տեխնոլոգիաներում ներկայումս առանձնահատուկ տեղ ունի, այսպես կոչված, «Օվերտոնի պատուհան»-ը: Անվանումը կապված է «Mackinac Center» հանրային քաղաքականության կենտրոնի աշխատակից, սոցիոլոգ Ժոզեֆ Օվերտոնի (1960-2003թթ.) հետ, ով ստեղծեց հիմնախնդիրների նկատմամբ հանրային կարծիքը ձևափոխելու արդյունավետ տեխնոլոգիա: Օվերտոնի պատուհանը հանրության «ուղեղների լվացման» կամ հասարակության գիտակցությունը փոփոխելու միջոցով՝ նրա կողմից ընդունված արժեքների, բարոյական նորմերի, համոզմունքների և համընդհանուրի հանդեպ վերաբերմունքի փոփոխության հայեցակարգ է։ Օվերտոնը հմտորեն մշակեց հանրային ինստիտուտների ապականման ճանապարհով՝ կործանման մի ամբողջ տեխնոլոգիա, որի շնորհիվ կարելի  է օրինական դարձնել  բարոյագիտական տեսանկյունից անթույլատրելի և մերժելի շատ երևույթներ։

Ժոզեֆ  Օվերտոնը բացահայտել և նկարագրել է, թե ինչպես կարելի է հասարակության համար բացարձակ օտար ու մերժելի գաղափարները վեր հանել, վերափաթեթավորել և հետևողականորեն, բայց գրեթե աննկատ ու քիչ չափաբաժիններով, ի վերջո, փաթաթել հանրության վզին։ Այս տեխնոլոգիայի կիրառմամբ հասարակության համար անթույլատրելի երևույթը հասցվում է գործնական քաղաքականության մակարդակ, ամրագրվում օրենքով և դառնում ենթակա՝ պարտադիր կատարման:

Կարևոր է այնպես անել, որպեսզի հանրությունը չզգա ներդրվող գաղափարի վտանգավորությունը։ Այսինքն՝ զոհի համար պետք է աննկատ մնա իր վրա աստիճանաբար գործադրվող ճնշումը։ Օվերտոնի պատուհանի տեխնոլոգիան ունի կիրառման իր հստակ քայլաշարը: Քայլերի նման հաջորդականությունը ենթակա է աստիճանակարգային խստիվ պահպանման և ամբողջական իրականացման:

1. Տաբուների կոտրում.

Որևէ «փակ» գաղափար բերվում է հանրային քննարկման դաշտ: Այդպիսի գաղափար կարող է լինել ցանկացածը` սկսած մարդակերությունից՝ մինչև ինցեստ և հայրենիքի որոշակի հատվածների հանձնում:

Կազմակերպվում են քննարկումներ, որտեղ փորձում են սահմանել, թե ինչու է տվյալ հարցը «փակի տակ», ինչու է դա վատ կամ անընդունելի: Ընդ որում, էական չէ, թե ինչ եզրահանգում կձևավորվի, էական է այն, որ այդ հարցը լրատվամիջոցներով արդեն տեղավորվել է մարդկանց ենթագիտակցական կամ մերձգիտակցական շերտերում:

Այդպիսով, տվյալ տաբուն կոտրվում է, որը թույլ չէր տալիս այն տեղափոխել հանրային քննարկման դաշտ: Սա առաջին քայլն է, որը կոչվում է «Օվերտոնի պատուհանը բացել»:

2. Հնարավորության ստեղծում.

Այս փուլում հարցի քննարկումը տեղափոխվում է ռացիոնալ դաշտ, կարևորվում է հարցի գիտական կողմը: Այլևս ավանդական գաղափարը պաշտպանելը դիտարկվում է՝ որպես խավարամտություն:

Կարևոր է մերժելի երևույթի անվանման փոփոխությունը: Նոր անվանակոչումը իր հետ բերում է երևույթի նորովի ընկալում, որն արդեն էականորեն տարբերվում է նախորդ առավել խիստ ընկալումից: Օրինակ, գեյերի դեպքում` նախ դրանք կոչվեցին «գոմիկ»-ներ, ապա՝ «հոմոսեքսուալիստ»-ներ, հետո՝ «համասեռամոլ»-ներ, «նույնասեռական»-ներ. հաջորդիվ էլ, ըստ երևույթին, կկոչվեն «հոմոֆիլ»-ներ: Այսպիսով, հանրային գիտակցության մեջ հնարավորինս խաթարվում է երևույթի բուն էության ընկալումը:

Հոմոֆիլների կողքին հասարակության մեջ ի հայտ են գալիս «հոմոֆոբները»՝ որպես այլընտրանքային սեռական հարաբերություններն անհանդուրժողներ, իսկ ցանկացած «անհանդուրժողականություն» պետք է դատապարտվի:

3. Ձևակերպում.

Հասարակական ընկալման այս մակարդակում, երբ պարզ է, որ նման խնդիր գոյություն ունի, սկսվում է դրա օգտին քարոզը: ԶԼՄ-ները մեղմորեն սկսում են հուշել հասարակությանը,  որ դա բնական ու նորմալ դրսևորում է: Ակտիվորեն ներգրավվում են ՀԿ-ները, որոնք պարբերաբար քննարկումներ են կազմակերպում հակադիր բևեռների միջև:

Մինչդեռ թեման առաջ մղողները շարունակում են լոբբինգը ու հետևողականորեն «ապացուցում» հանրությանը, որ տվյալ երևույթը բնականոն է ու սովորական, դրսևորվել է նաև պատմության ողջ ընթացքում, հանճարների կյանքում: Հետևաբար, դա ոչ շեղում է, և ոչ էլ՝ բարոյական վրիպում, ուստի թույլ տանք յուրաքանչյուրին իրացնել իր ազատությունը և իրավունքները:

4. Մասսայականացում.

Այս էտապում սկիզբ է առնում ակտիվ քարոզչությունը: Նախկինում մերժված երևույթը դառնում է մոդայիկ: Շրջանառվում են պատմական ու առասպելական կերպարներ, այդ թվում՝ նաև պոպուլյար մեդիակերպարներ: Երևույթը ներթափանցում է մեդիադաշտ և քննարկվում է դրա ողջ տիրույթում:

Հաջորդիվ թեման ինքնաբերաբար մասսայականացվում է, քանի որ սկսում է քննարկվել բազմապիսի անձանց կողմից՝ լրագրողներ, հաղորդավարներ, ակտիվիստներ, հասարակական գործիչներ և այլք: Հետզհետե ձևավորվում է հանդուրժողական մթնոլորտ:

5. Ստանդարտացում.

Արդեն, երբ հանրային բացասական վերաբերմունքն անցյալում է, ինքնաբացահայտվում են նյութի բոլոր լոբբիստները ու ջատագովները: Նրանք իրենց ջանքերը մեկտեղում են երևույթի օրինականացման շուրջ: Քարոզվում է նյութի օրինականացման անհրաժեշտությունը, հրապարակվում են կեղծ փաստարկներ և կասկածելի հետազոտությունների տվյալներ:

6. Նորմատիվացում.

Այս փուլում, երբ հասարակության առողջ հատվածն արդեն անպայքարունակ է, իսկ ակտիվ լոբբինգը տվել է իր պտուղները, հարցը մտնում է վճռական փուլ: Ընդունվում են օրենքներ ու նորմատիվներ, որոնք օրինական են դարձնում երբեմնի անհանդուրժելի և անբարո դրսևորումները:

7. Իմպերատիվացում.

Օվերտոնի պատուհանի գործնական կիրառության մասին խոսելիս՝ մի շարք փորձագետներ ավելացնում են նաև 7-րդ քայլը, որը կարելի է որակել՝ որպես իմպերատիվացում:

Իմպերատիվացումն իրենից ենթադրում է արտաքին և օտար արժեքային ագրեսիվ էքսպանսիա: Արդյունքում՝ հասարակության համար խորթ երևույթները, օրենսդրական ուժ ստանալով, վերածվում են իրավական և բարոյական մահակի, քանզի սահմանվում են առավել խիստ պատիժներ, այդ երևույթների մերժումը քրեականացնող օրենքներ: Ագրեսիվ և արտաքին հովանավորչություն վայելող փոքրամասնության շնորհիվ հասարակության առողջ մեծամասնությունը հայտնվում է արդեն ոչ միայն՝ բարոյական, այլև՝ իրավական ծուղակում:

Գործընթացը եզրափակվում է նրանով, որ նվաճող կողմը հակառակորդի հասարակության մեջ ներդնում է իրեն բնորոշ արժեքային համակարգ, որը ժամանակի ընթացքում ձևավորում է 5-րդ և 6-րդ շարասյուներ և, ի վերջո, հանգեցնում «գունավոր հեղաշրջման»:

* * *

Ակնհայտ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունն ամեն կերպ փորձում է բավարարել համասեռամոլների շահերը: Մասնավորապես, խոսքը միասեռական զույգերի ամուսնության, նրանց կողմից երեխաների որդեգրման և «ընտանիք» հասկացության աղավաղման մասին է: Կարելի է ենթադրել, որ ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից տրանսգենդերի ելույթը և սեռափոխված սպորտսմենուհու վերաբերյալ ֆիլմի նկարահանման փորձն ինքնանպատակ չէին և լիովին բացատրվում են Օվերտոնի պատուհանի վերոնշյալ սխեմայով: Կամ, Ստամբուլյան կոչված հայտնի կոնվենցիայի վավերացման փորձերը մեզանում. այն արդեն իսկ գտնվում է վերջին՝ 6-րդ` նորմատիվացման փուլում:

Օվերտոնի պատուհանի բացման վառ դրսևորում կարելի է դիտարկել մարիխուանայի կիրառության վերաբերյալ ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների կարծիքների բարձրաձայնումը: Օվերտոնի պատուհանի բացման թարմ դեպք է կապտամազիկ տխրահռչակ տիկնոջ լուսանկարն ադրբեջանական դրոշի հետ:

Այսպիսով, պետք է փաստել, որ արտաքին նվաճման շեմին գտնվող մեզ նման հասարակությունները` կորցնելով իրենց ավանդական ուղենիշները, կարող են հեշտությամբ զոհ դառնալ Օվերտոնի պատուհանի տեխնոլոգիայի կիրառությանը: Կարիք չկա նշելու, որ դրա համար ծախսվում են հսկայական ֆինանսական միջոցներ:

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ավանդապահ մեր հասարակությունը, որի համար ընտանիքը բարձրագույն արժեք է, արդեն իսկ հանդուրժող վերաբերմունք ունի նման սրբապիղծ նախաձեռնությունների և գործելաոճի հանդեպ: Մեր ազգային իմունիտետը թուլացել է, երբեմն՝ դադարել գործել: Այն վերականգնելու համար, նախ՝ պետք է ախտորոշվել, հասկանալ պատճառները, ասել է՝ ճանաչել նաև նվաճման այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են ավանդական հասարակությունները կազմաքանդելու համար:

Վահե Հայկունի

Տեսանյութեր

Լրահոս