«Մեզ պետք չէ որևէ բան փոխել»․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռեալ Սոսյեդադին» պարտվելու մասին (3:4)։
«Սա ֆուտբոլ է: Ժամանակ առ ժամանակ ամեն ինչ սխալ է ընթանում: Մենք բարդ խաղ անցկացրինք, փորձեցինք մինչև վերջ, իրավիճակի մեր արձագանքը լավն էր: Նույնիսկ 1:4 հաշվով պարտվելով՝ մենք հավատացինք ինքներս մեզ:
Մնում է միայն մրցակցին շնորհավորել: Պետք է ընդունել պարտությունը: Մենք պայքարեցինք մինչև վերջ: «Ռեալը» սխալներ թույլ տվեց պաշտպանությունում։ Մենք դժվարություններ ունեցանք, իսկ «Սոսյեդադը» լավ խաղաց:
Ես տխուր եմ, այո, բայց սա անցյալն է: Կիրակի օրը մենք ունենք խաղ «Օսասունայի» հետ, մենք պետք է մտածենք դրա մասին:
Սա իմ ամենավատ օրն է՝ որպես «Ռեալի» մարզիչ: Խաղով` ոչ, բայց պարտությամբ` այո: Դժվար է տանը չորս գոլ բաց թողնել, բայց մեզ պետք չէ որևէ բան փոխել: Մենք պետք է շարունակենք այն, ինչ անում ենք: Ակնհայտ է, որ մրցաշրջանում կան ծանր խաղեր և դժվար մրցակիցներ: «Սոսյեդադն» արժանի էր հաղթելու:
Մենք ոչինչ չենք փոխի: Սա ցավալի է, քանի որ ոչ ոք չի սիրում պարտվել: Մենք պարզապես պետք է դա ընդունենք»,- ասել է Զիդանը։
Սիրարփի Աղաբաբյան