
«Թերացումներ չեն եղել, կապի վարչությունն այդ տարի դարձել է լավագույնը». Կոմիտաս Մուրադյանը՝ 2016-ին իր պաշտոնազրկման և նոր պաշտոնի մասին

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:
Հիշեցնենք, որ նա մեկն էր բարձրաստիճան այն զինվորականներից, ով 2016-ի ապրիլյան գործողություններից հետո այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր իր զբաղեցրած` ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:
168.am-ի հետ զրույցում Կոմիտաս Մուրադյանը հայտնեց, որ նախքան այս նշանակումը՝ վերջին տասն ամիսներին Գլխավոր շտաբում վերլուծական խմբի պետի պարտականություններն էր կատարում՝ որպես քաղաքացիական աշխատող՝ պայմանագրային հիմունքներով:
«Այս ամիսների ընթացքում, որ ծառայել եմ, ԳՇ պետի և ՀՀ պաշտպանության նախարարի առաջարկով անցել եմ այդ ծառայությանը, պաշտոնին: Այսինքն՝ իրենք առաջարկել են վարչապետին, իր մոտից էլ առաջարկը գնացել է ՀՀ նախագահի մոտ»,- նշեց Մուրադյանը:
Մեր հարցադրմանը՝ 2016-ի ապրիլյան գործողություններից հետո Սերժ Սարգսյանը Ձեզ պաշտոնից ազատեց, թերացումներ իրականում եղե՞լ էին, համաձա՞յն եք այդ որոշման հետ, Կոմիտաս Մուրադյանը պատասխանեց.
«Թերացումներ չեն եղել, ՀՀ ԶՈւ-ում կապի վարչությունն այդ տարի դարձել է լավագույնը: Ինչպե՞ս կարող էին կապի խնդիրներ լինել: Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատում է, այդ հարցերն իրենց կարող եք տալ»:
Հարցին՝ Ձեզ քննիչ հանձնաժողովից հրավեր եղե՞լ է, զինվորականը պատասխանեց՝ չեն կանչել դեռ, բայց կկանչեն: