Պաբլո Էսկոբարի եղբայրը թողարկել է Galaxy Fold-ի անալոգը՝ 400 դոլարով
Կարծես Samsung-ի իսկական սմարթֆոն լինի՝ ուրիշ գույնի:
Ռոբերտո Էսկոբարը՝ հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբայրը, թողարկել է նոր ծալովի սմարթֆոն, որը կոչվում է Escobar Fold 2. սա կարծես Samsung-ի Galaxy Fold-ն է, բայց 5 անգամ մատչելի։
Սմարթֆոնը ստացել է 7.3 դյույմանոց հիմնական էկրան և 4.6 դյույմանոց արտաքին էկրան, երկուսն էլ՝ AMOLED: Մեծ էկրանի աջ կեսում տեղադրված են դիմային ֆոտոխցիկի սենսորները, ինչպես Galaxy Fold-ում: Այն երկակի է՝ 10 մեգապիքսել + 8 մեգապիքսել: Կորպուսի արտաքին մասում գտնվում է եռակի հիմնական տեսախցիկ, որը բաղկացած է լայնանկյուն, տոլոֆոտո և ուլտրա-լայն անկյունային մոդուլներից՝ համապատասխանաբար՝ 12, 12 և 16 մեգապիքսել լուծույթով:
Ըստ գովազդային հոլովակի՝ առաջին Fold-ը թողարկելիս հնչած «Apple-ի ոչնչացում» կարգախոսից հետո ապրանքանիշը ցանկանում է վերացնել նաև իր հիմնական կորեական մրցակցին՝ «Samsung-ը չի գոյատևի»: Տեսանյութում մոդելը կոտրում է Galaxy Fold-ը և մի քանի բյուջետային Galaxy J2-ներ:
Escobar Fold 2-ի բազային մոդելը գնահատվել է 399 դոլար՝ 8 ԳԲ հիմնական և 128 ԳԲ պահուստային հիշողությամբ: 12 ԳԲ/512 ԳԲ-ով առաջադեմ մոդելն արժե 549 դոլար: Համեմատության համար նշենք, որ Galaxy Fold-ի պաշտոնական գինը 2,000 դոլար է: Նորույթը վաճառքի կհանվի մարտին, նախնական պատվերներն արդեն բաց են: Ընկերության տվյալներով՝ առաջին խմբաքանակում կլինի 200.000 սարք:
Սիրարփի Աղաբաբյան