Բաժիններ՝

Նիկոլայ և Սերգեյ Արությունովները «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի իրենց երգը ներկայացրել են Գյումրիում

Առանց քաղաքական ենթատեքստի, դեպի առաջ գնալու ուղերձով. այսպես են հեղինակները բնութագրում «Դեպի Եվրատեսիլ 2020»-ին ներկայացրած «Ha, Take a Step» երգը: Հայր և որդի Նիկոլայ և Սերգեյ Արությունովները «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի 12 լավագույն մասնակիցներից են և ցանկություն ունեն Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին։

Մինչ նրանք մյուս 11 մասնակիցների հետ փետրվարի 15-ին երգը կներկայացնեն մրցույթի ազգային ընտրության ժամանակ, փետրվարի 6-ին այն  ներկայացրին գյումրեցի ունկնդրին: Համերգից առաջ նրանց ընդունեց Շիրակի մարզպետ Տիգրան  Պետրոսյանը: Իսկ այցը Գյումրի պատահական չէր. դեռ անցած տարի  Սերգեյը Մոսկվայում հանդես էր եկել «Սիրով Շիրակի մարզին» խորագրով բարեգործական համերգին, որից ստացված միջոցներն ուղղվել էին Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին աջակցություն տրամադրելուն։

«Տպավորված եմ ջերմ ընդունելությունից և ուրախ եմ, որ իմ նախնիների երկրում այսպիսի անմիջական հանդիպումներ եմ ունենում։ Իմ և որդուս ցանկությունը Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելն է, մեզ համար մեծ պատիվ կլինի մեր պապերի երկիրը ներկայացնել այնքան կարևոր երաժշտական մրցույթի ժամանակ»,-նշեց Նիկոլայ Արությունովը։
Հանդիպման ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սերգեյ Արությունովը վստահեցրեց՝ թեև երգի հոլովակն ունի Թավշյա հեղափոխության տեսարաններ, սակայն  երգը քաղաքական ենթատեքստ չունի, այլ ուղերձ է, որն ուղղված է մարդկանց։ «Ha, Take a Step»-ը Հայաստանի ժողովրդի ցանկությունների ու դեպի առաջ գնալու մասին է։ «Մեզ համար Հայաստան գալ ու Հայաստանում ելույթ ունենալը կրկնակի պատիվ է: Սրանք զուտ խոսքեր չեն, այլ՝ իրականություն: Սա մեր նախնիների երկիրն է: Հուսանք այսուհետ ավելի պարբերաբար կլինենք Հայաստանում»,-նշեց Նիկոլայ Արությունովը:

Հայր և որդի Արությունովները (Տեր-Հարությունյան) ծնվել են Մոսկվայում: Եղեռնի ժամանակ Տեր-Հարությունյանների ամբողջ գերդաստանից կենդանի է մնացել միայն  Նիկոլայի պապը՝ Նժդեհը: Նա հայտնվել է Մոսկվայում, որտեղ նա արտասանական դժվարության պատճառով փոխել է անուն-ազգանունը՝ Նժդեհ Տեր- Հարությունյանը դարձնելով Նիկոլայ Արությունով: Նիկոլայ Արությունովը հայտնի երգիչ, երգահան է, ով պատկանում է աշխարհի հանճարեղ հայերի թվին՝ ըստ «Զարմանահրաշ ազգ հրաշքների աշխարհից» գրքի: Իր երաժշտական կարիերան Նիկոլայը սկսել է Ստաս Նամինի (իրականում Միկոյան)՝ «Цветы» խմբի հետ միասին: 1979թ. ստեղծել է իր ամենահայտնի պրոյեկտ-խումբը՝ Բլյուզի Լիգան (Лига блюза): Արությունովը հանդես է գալիս երաժշտական տարբեր ժանրերում. բլյուզ, ռոք-բլուզ, սոուլ, ֆանկ, հարդ-ռոք: Ստեղծել և համարվում է ՝ Лига Блюза, Четверг Арутюнова, Николай Арутюнов & The Blues Barbarians, Арутюнов & Quorum, The Booze Band, Funky Soul խմբերի մենակատարը: Սերգեյ Արությունովը, շարունակում է հայրիկի գործը: Երգիչ է, կոմպոզիտոր, հանդիսանում է Лига, Альянс, Надежда, Белый Орел խմբերի սոլիստը։

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս