«Միակ մարդը ում դեռևս խորապես ցավակցում եմ, նախագահ Արմեն Սարգսյանն է՝ իր առջև ծառացած այսքան բարդ հերթական երկընտրանքի համար». Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունում «տոն էր»։ Տոն՝ ընդդեմ տրամաբանության, ընդդեմ իրավաբանության, ընդդեմ ադեկվատության, ընդդեմ գրագիտության, ընդդեմ բարեկրթության եւ անգամ՝ ընդդեմ քաղաքականության, բայց ամենակարեւորը՝ տոն՝ ընդդեմ ժողովրդի։
Ժողովրդին ոչ ոք չէր տեղեկացրել, որ իրենք ինչ որ բան են պահանջում լուծել հանրաքվեով:
Հիրավի տոն էր։ Բայց արի ու տես՝ տոն նաեւ ոչ միայն ընդդեմի, այլեւ հանունի՝ հանուն… ճտիկով գրիչի լեգիտիմացման, այսինքն՝ հանուն ոչնչի։
Ուզում եմ այդ տոնի կապակցությամբ շնորհավորել մի քանի դերակատարների՝
Շնորհավորում եմ ՍԴ Նախագահ Հրայր Թովմասյանին եւ ՍԴ դատավորներին։ Իրենց արժանապատիվ եւ անկոտրում կեցվածքն էր պատճառը, որ «պարապության նպաստից», «օրենսդրական կաշառքից» եւ գրչային անհամաչափ ու հուժկու կոմբինացիաներից հետո իշխանությունների միակ հանգրվանը դարձավ ապալեգիտիմ հանրաքվեն։
Այլեւս զրո նշանակություն ունի այդ հանրաքվեն եւ նրա արդյունքը, քանզի անգամ միջնաժամկետ կտրվածքով այն առանց իրավական հետեւանքների կամ վատագույն դեպքում՝ վերականգնվող իրավական հետեւանքներով պրոցես է։ Սա այս մարդկանց անձնական ու իրենց շնորհիվ նաեւ՝ պետության հաղթանակն է գործող իշխանախմբի նկատմամբ։
Շնորհավորում եմ խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաներին, հատկապես՝ Լուսավոր Հայաստանին ու նրա ղեկավարին՝ այդ օրը ճշմարտությունը ասել կարողանալու համար։
Շնորհավորում եմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Այո՜ դուք ցույց տվեցիք մաստեր-կլաս։ Ամեն ինչի մաստեր կլաս՝ հակաիրավականության, անտրամաբանականի, գավառական պոպուլիզմի, պետական մտածողության իսպառ բացակայության, ժողովրդավարության նենգափոխման բացառիկ միասնականության, ժողովրդին ժողովրդի տեղ չդնելու, ամեն ամեն ինչի՝ միայն ոչ պառլամենտարիզմի։ Այս կապակցությամբ ոչ միայն շնորհավորում եմ, այլեւ շնորհակալ։ Այս ամենի հավաքական դիտարկման այսպիսի հնարավորություն դեռ չէր եղել։
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր այս պատասխանատու պահին փորձում են ոչ թե կրել իշխանության կողմից կարված պիտակը, որը ըստ իրավիճակի տատանվում է հպարտ քաղաքացուց մինչեւ անգրագետ պողոս, այլ իրապես փորձում են խորամուխ լինել մեր բոլորի առջեւ ծառացած խնդրիներին։
Հավատացեք՝ դրանք շատ են, լուրջ ու իրական, ավելի շատ՝ քան ձեզ պատմում են, ավելի լուրջ՝ քան մեկ մարդու վրեժի տենդն է մեկ այլ մարդուց, ավելի իրական՝ քան ինչ որ կեղծ ու հորինված ներքին թշնամիներ։
Շնորհավորում եմ իրավապահ համակարգին՝ այս մեկ անգամը, բայց ամենակարեւոր անգամը ոչ թե դուք դարձաք գործիք, այլ իրենք։
«Շնորհավորում եմ» պաշտպան-անպաշտպան-իրավապաշտպաններին՝ որպես ՍԴ ապագա դատավորի թեկնածու անհաջող «քամինգ աութի» համար։ Սպասեք ջուրը տեսեք՝ նոր՝ մնացածը։ Մանավանդ՝ ջուրն էլ ջուր չի՝ ճահիճ է։
Միակ մարդը ում դեռեւս խորապես ցավակցում եմ նախագահ Արմեն Սարգսյանն է՝ իր առջեւ ծառացած այսքան բարդ հերթական երկընտրանքի համար։ Պարոն Սարգսյանը պետք է ընտրի՝ մասնակցել հակաիրավական հանաքվեի կազմակերպմանը, դառնալ սահմանադրական կարգի տապալման գլխավոր դերակատարներից մեկը, թե ցոնե այս անգամ ուղիղ նայել իր սահմանադրական պարտականությունների կատարմանը։ Ի դեպ՝ առանց ավելորդ լիրիկայի ու պաթոսի՝ ուղղակի առաջնորդվի օրենքով։ Վերջին դեպքում կշնորհավորեմ իրեն՝ սրտանց ու ջերմորեն։ Եթե Իրավական հիմնավորումների կարիք կա դրանք այս հղմամբ հասանելի են՝
Հ.Գ. Ես չեմ պատրաստվում հանրաքվեի քարոզարշավի ընթացքում կատաղի պայքար մղել դրա դեմ։ Ինչպես ասացի երկրում ավելի կարեւոր խնդիրներ կան, ուզու՞մ են հանրաքվե՝ թողեք թող անեն։ Թունավորված ծառի պտուղները իրենք են «վայելելու»»։
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՓետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունում «տոն էր»։ Տոն՝ ընդդեմ տրամաբանության, ընդդեմ…
Gepostet von Arpine Hovhannisyan am Freitag, 7. Februar 2020