Սի Ցզինպինը և Թրամփը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 7-ի առավոտյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարի միջոցառումները: Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«ՉԺՀ-ի կառավարությունն ու ժողովուրդը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,- հեռուստաալիքը մեջբերել է Չինաստանի ղեկավարի խոսքը:
Ինչպես ընդգծել է Ցզինպինը, Պեկինը գործի է դրել իր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները, որպեսզի առավելագույնս արագ հակազդի կորոնավիրուսի տարածմանը:
Թոքաբորբի բռնկումն ի զորու չէ արգելակել Չինաստանի տնտեսական զարգացումը, հայտարարել է Սի Ցզինպինը:
«Չինաստանի հաջող տնտեսական զարգացման երկարաժամկետ միտումը չի կարող փոխվել»,- ասել է նա եւ հավելել, որ թոքաբորբի դեմ ՉԺՀ-ի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցներն արդեն ակներեւ դրական արդյունքներ են բերում: «Մենք բացարձակապես վստահ ենք, որ կհաղթենք վիրուսին: Մենք դրա համար ամեն ինչ ունենք»,- ընդգծել է ՉԺՀ-ի նախագահը:
Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրիին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին վստահություն է հայտնել, որ Չինաստանի ուժն ու համառությունը կօգնեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել համապարփակ համագործակցությունը: