Արթուր Վանեցյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի «կալանքի օպերացիայի» մասին
ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանը երեկ տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ովքե՞ր էին տվել հանձնարարություն՝ պլանավորել և իրականացնել «տուշոնկա շոուն», Քոչարյանի կալանքի օպերացիան, ասել է.
«Ես չեմ կիսում Ձեր գնահատականը, որ «տուշոնկա շոուն» կազմակերպված ինչ-որ միջոցառում էր, ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և բացահայտել է կոնկրետ հանցագործություններ: Հետագայում ինչ գնահատականներ տրվեցին այդ ամենին, ես չեմ դրա պատասխանատուն, բայց այն, ինչ ներկայացվել է ԱԱԾ-ի կողմից տարածված տեսանյութի մեջ, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Իսկ քննությունն իրականացվել է արդեն ՀՔԾ-ում՝ նախաքննության հետ: ԱԱԾ-ն որևէ առնչություն չի ունեցել, և եթե կան որոշակի հարցեր, դժգոհություններ, այդ հարցով պետք է դիմել նախաքննություն իրականացնող մարմնին: Բացի այդ, այսօր ընթանում է դատաքննություն, և բոլոր ապացույցները, ի վերջո, հանրությանը դառնալու են հասանելի, և գնահատականը կտրվի:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին՝ ես դա չէի կոչի՝ Ռոբերտ Քոչարյանի գործ, «Մարտի 1»-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց «Մարտի 1»-ի գործ ասելիս՝ հասկանում ենք, որ առաջնահերթությունը պետք է տրվեր 10 զոհված մարդկանց սպանությունների բացահայտմանը: Հիմա հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը: Կարծում եմ՝ ոչ:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ այս հայտարարությունից հետո ես գիտեմ՝ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ, և նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, թե խուսափում է քննությունից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա նաև կթուլացներ լարվածությունը հասարակության որոշ հատվածներում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը, իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտվի: Ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որը դեմ է «Մարտի 1»-ի գործի բացահայտմանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: