Ի՞նչ հրահանգներ է տվել Փաշինյանը Վանեցյանին

Երեկ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել և 2 ժամ զրուցել է տպագիր մամուլի խմբագիրների հետ: Հարցին՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Սահմանադրական դատարանի Հրայր Թովմասյանի վերաբերյալ եղե՞լ են արդյոք կոնկրետ հանձնարարականներ՝ ինչ-որ բան գտնել և նստացնել, պատասխանել է.

«Կոնկրետ հանձնարարականներ եղել են ընդհանուր բոլորի նկատմամբ: Ես չեմ ուզում մասնավորեցնել: Մենք կատարել ենք մեր աշխատանքը: Ես խնդրում եմ, ԱԱԾ նախկին տնօրենի վերաբերյալ հարցերից դուրս գանք, և խնդրում եմ՝ մեր զրույցը կառուցենք…»: Նա ըստ էության խուսափեց ներկայացնել իր և Ն. Փաշինյանի առանձնազրույցների մանրամասները:

Ա. Վանեցյանը հաստատեց, որ իր հրաժարականը հետևել է ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին: «Այո, իմ հրաժարականը հետևել է դրան: Կապը նա է, որ արդեն իսկ իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք չեն հանդուրժելու Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու հանգամանքը: …Հիմա ես չեմ պատասխանի Ձեր հարցին՝ ինձ եղե՞լ է ուղիղ հանձնարարական, չի եղել, ես ասում եմ, որ իմ՝ հրաժարական ներկայացնելու հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնությունը: Եվ ես հնչեցրել եմ «կանգ առ»-ի սթափեցնող կոչ, որը, ցավոք սրտի, տեղ չի հասել»,- ասել է նա:

Անդրադառնալով Ռ.Քոչարյանի կալանավորման հանգամանքներին՝ նա ասել է. «Հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը: Կարծում եմ՝ ոչ: …Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ, և նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, թե խուսափում է քննությունից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա նաև կթուլացներ լարվածությունը հասարակության որոշ հատվածներում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը»:

Ա. Վանեցյանն առաջիկայում նոր ստեղծվող կուսակցությամբ մուտք կգործի ակտիվ քաղաքականություն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս