Ծայրահեղ անպատասխանատու և վտանգավոր քայլ է, կարող է բերել մեր երկրում սահմանադրական կարգի տապալման. Ավետիք Չալաբյանը՝ Սահմանադրության մեջ փոփոխություն անելու նախագծի մասին

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր 37 պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված՝ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագծին: Նա մասնավորապես կոչ է անում նախաձեռնության հեղինակներին՝ ետ կանգնել արկածախնդրությունից, և չվտանգել մեր երկրի հանրային կայունությունը և սահմանադրական կարգը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Այսօր Ազգային ժողովի 37 պատգամավորներ, հիմնականում «Իմ քայլը» խմբակցությունից, շրջանառության մեջ են դրել Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որի միակ նպատակը մինչև 2018 թ․ ապրիլը ընտրված Սահմանադրական դատարանի բոլոր անդամների պաշտոնավարման հարկադիր դադարումն է (հղումը՝ ստորև)։ Սա ծայրահեղ անպատասխանատու և վտանգավոր քայլ է, և կարող է բերել մեր երկրում սահմանադրական կարգի տապալման, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Մենք առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնանք այս գործողությանը, մինչ այդ կոչ եմ անում այս անմիտ նախաձեռնության հեղինակներին՝ ետ կանգնել այս արկածախնդրությունից, և չվտանգել մեր երկրի հանրային կայունությունը և սահմանադրական կարգը»։

Տեսանյութեր

Լրահոս