Բաժիններ՝

«Չչփորձեք կանգնեցնել Թուրքիայի գործողությունը». Էրդողան

Թուրքիան Սիրիայում պատասխան հարվածներ է հասցրել Իդլիբում թուրք զինվորականների դիրքերի գնդակոծումից հետո: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Էրդողանի խոսքով՝ F-16 ինքնաթիռները Սիրիայում հարվածներ են հասցրել 46 թիրախի:

«Թուրքիան հզոր հարվածով է պատասխանել Իդլիբում տեղի ունեցած գնդակոծությանը եւ այսուհետեւ այդպես է վարվելու»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Անկարայի գնահատմամբ, գրոհի հետեւանքով զոհվել են 30-35 սիրիացի զինծառայողներ: Բացի այդ, ինչպես նշում է Bloomberg-ը, Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբի իրադրության կապակցությամբ կարող է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գործակալության տվյալներով՝ Էրդողանը նաեւ կոչ է արել ռուսական կողմին՝ «չփորձել կանգնեցնել Թուրքիայի գործողությունը, որն ուղղված է միայն սիրիական ռեժիմի դիրքերի դեմ»:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առնվազն չորս թուրք զինծառայող է զոհվել, եւս ինը՝ վերքեր ստացել Սիրիայի Իդլիբի նահանգում նրանց դիրքերի գնդակոծման հետեւանքով: Ինչպես պնդում է Անկարան, թուրք զինվորականները գնդակոծվել են սիրիական բանակի կողմից Սերակիբ բնակավայրի շրջանում: Ռազմական գերատեսչությունում ճշտել են, որ զինվորներից մեկի վիճակն օրհասական է: Դամասկոսն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել տեղի ունեցածը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս