Բաժիններ՝

Տրանսֆերային առաջին ամիսը Հայաստանում՝ ով ուր տեղափոխվեց հունվարին

Հունվարը բավականին ակտիվ էր հայկական ֆուտբոլում` թե ակումբների և թե ազգային հավքականի ֆուտբոլիստների համար։

Պետրոս Ավետիսյանը տեղափոխվեց Ղազախստանի առաջնություն։ Հայ ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայից» տեղափոխվեց «Տոբոլ»։

Ղազախստան տեղափոխվեց նաև Տիգրան Բարսեղյանը։ Նրա նոր ակումբը «Աստանան» է։ Բարսեղյանը նոր ակումբի կազմում արդեն հասցրել է գոլ խփել։ Բարսեղյանի և ղազախական ակումբի պայմանագիրը 2 տարով է։

Կամո Հովհաննիսյանը միացավ իր գործընկերներին և նույնպես տեղափոխվեց Ղազախստան։ Հովհաննիսյանը ևս կնքել է երկու տարվա պայմանագիրր։

Հայկական ակումբների մեծ մասը առաջին ամսում արդեն նշանակալի ձեռբերումներ ունեցավ։

«Արարատ-Արմենիա»

Ակումբին է միացել 33-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանը։ Յոանը հանդիսացել է ֆրանսիական «Կան», «Բորդո», անգլիական «Նյուքասլ» և մի շարք այլ ակումբների ֆուտբոլիստ: Յոանը «Բորդոյի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր:

Թիմին միացել է նաև 26-ամյա ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն: Վակուլենկոն հանդիսացել է ուկրաինական «Շախտյոր», «Մարիուպոլ», «Արսենալ Կիև» և մի շարք այլ ակումբների ֆուտբոլիստ: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է ուկրաինական «Կարպատի» ակումբի ֆուտբոլիստ:

27-ամյա նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանյոն ևս դարձել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ։ Յուսուֆը հանդես է եկել սլավակական «Ժիլինա», ավստրիական «Ռայնդորֆ Ալտախ», «Ռեդ Բուլ Զալցբուրգ» և մի շարք այլ ակումբներում: «Ժիլինայի» կազմում դարձել է Սլովակիայի չեմպիոն: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ավստրիական «ԼԱՍԿ» ակումբի ֆուտբոլիստ:

«Փյունիկ»

28-ամյա կենտրոնական պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը վերադարձել է «Փյունիկ»։ Ռուս ֆուտբոլիստը նախորդ տարվա դեկտեմբերին էր հեռացել «Փյունիկից»։  Մաքսիմ Ժեստոկովը 51 խաղ է անցկացրել «Փյունիկում»՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 21-ամյա նիգերիացի եզրային կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օմայի հետ: Ադահ Օման ավելի վաղ հանդես է եկել նիգերիական «Կացինա Յունայթեդ» և բելառուսական «Սլուցկ» ակումբներում:

Երևանյան ակումբը պայմանագիր է կնքել նաև «Տամբովի» 23-ամյա դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովի հետ: Ֆուտբոլիստը «Փյունիկում» կխաղա վարձակալական հիմունքներով, 6 ամիս ժամկետով:

Բացի «Տամբովից» Սուգրոբովը հանդես է եկել նաև Սոկոլում (Սարատով), «Արարատում» (Մոսկվա), «Անժիում» (Մախաչկալա) և «Բալթիկա» (Կալինինգրադ) ակումբներում:

19-ամյա կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը ևս պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Պայմանագիրը նախատեսված է 1.5 տարվա համար: Ազիզյանը «Փյունիկ» ՖԱ-ի սան է: «Փյունիկը» լքելուց հետո հանդես է եկել «Արարատ-Արմենիա» և Սլովակիան ներկայացնող «Միխալովցե» ակումբներում:

«Արարատ»

«Արարատը» պայմանագիր է կնքել ռուս դարպասապահ Եվգենի Կոբոզևի հետ։ Փորձառու ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ուֆայում», «Կռիլյա Սովետովում», «Տոսնոյում»։ Վերջին ակումբը եղել է Երևանի «Փյունիկը»։

«Արարատը» պայմանագիր է կնքել նաև բրազիլացի 20-ամյա պաշտպան Ռաֆաել Էնրիկեի հետ։

«Ալաշկերտ»

«Ալաշկերտը» վարձակալել է «Լոռիի» նիգերիացի հարձակվող Սանդի Ինուսա Նգբեդեյին: 21-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նիգերիական «Պլատո Յունայթեդ» ակումբում, Աֆրիկայի Չեմպիոնների լիգայում խաղալու փորձ ունի։ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 21 հանդիպումներում Նգբեդեն դարձել է 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ակումբը պայմանագիր է ստորագրել նաև սենեգալցի հենակետային կիսապաշտպան Պապե Աբդու Կամարայի հետ, հայտնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը:

«Շիրակ»

«Շիրակը» պայմանագրեր է ստորագրել Ուռոշ Նենադովիչի, Դավիթ Մանոյանի և Վարդան Արզոյանի հետ։

«Նոա»

«Նոան» պայմանագիր է կնքել 24-ամյա հարձակվող Ռոկաս Կրուշնաուսկասի և 23-ամյա կիսապաշտպան Էդուարդս Էմսիսի հետ:

«Ուրարտու»

«Ուրարտուն» հունվարին ձեռք է բերել մեկ ֆուտբոլիստի՝ Եվգենի Օսիպովին։

«Գանձասար-Կապան»

«Գանձասար-Կապան» են տեղափոխվել Գրիգոր Աղեկյանը, Արման Մելիքսեթյանը , Աշոտ Քոչարյանը։ Թիմ է վերադարձել Ալեքսանդր Օգանիսյանը։

«Լոռին» և «Երևանը» առաջին ամսվա ընթացքում ձեռքբերումներ չեն ունեցել։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս