«Մենք այսօր որևէ մի ուղղությամբ չունենք ադեկվատ արտաքին քաղաքականություն». Կարեն Բեքարյան

ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և անվտանգ միջավայրը Հայաստանի համար» կոնֆերանսում  անդրադառնալով Հայաստանի ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ նկատեց, որ ադեկվատ արտաքին քաղաքականությունը պատասխանում է 2 հիմնական հարցի՝ արդյո՞ք ստեղծված հնարավորությունները օգտագործվում են առավելագույն կերպով, և արդյո՞ք ստեղծված մարտահրավերները հնարավորինս չեզոքացվում են։

Կարեն Բեքարյանն արձանագրեց նաև այն, ինչ կա այսօր. «Մենք այսօր որևէ մի ուղղությամբ չունենք ադեկվատ արտաքին քաղաքականություն»:

Նաև հավելեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի առիթներ օգտագործեց՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակներում հակազդող որևէ խոսք հնարավոր չէր. «Դրանցից առաջինը «Վալդայն» էր, որտեղ Հայաստանի և Արցախի վրա ռադիկալ հարձակումը որևէ պատասխանի չարժանացավ:

Հիշեցնեմ, որ այդ հանդիպման ժամանակ դահլիճում նստած էր նաև ՌԴ նախագահը՝ թե՛ որպես գերտերություն, թե՛ որպես ռազմավարական դաշնակից, թե՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այսինքն՝ մի բան է, որ քո ներքին լսարանում ես հայտարարում, և մի բան է, որ դու օգտագործում ես այդ միջավայրը և, հերիք չի, օգտագործում ես, երաշխավորված ես, որ ոչ մեկը քեզ չի պատասխանելու, որովհետև չկա հայկական կողմ, և քեզ որևէ կերպ չեն զսպելու այն երկրները, որոնք միջնորդ լինելով՝ կարող են ուղղակի էթիկայի կոչ անել՝ եթե հակառակ կողմը չկա, չպետք է այդ թեմային անդրադառնալ: Հիմա, եթե նա հասել է իրեն այդպես երաշխավորված զգալուն, որտե՞ղ պետք է փնտրել հիմնական պատճառները»:

Կարեն Բեքարյանը նկատեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերածվում են «մուկնուկատու»-ի՝ անհասկանալի կոնտեքստներով, իսկ ինչ վերաբերում է եվրոպական կառույցների հետ հարաբերություններին, նա նշեց. «Եթե 2018թ. տեղի ունեցած իրադարձություններից եվրոպացիների մոտ ինչ-որ լավատեսական մղումներ էին արտացոլվում, դրանք գնալով մաշվում-վերանում են, որովհետև հիմա շատ դժվար է գտնել մեկին, որ եվրոպական արժեքային համակարգի ներքո կամ Մարդու իրավունքների կոնցեպտի ներքո ՀՀ-ում իրականացվող քայլերը գոնե լոյալ ընկալի»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ վերլուծաբանը խորհուրդ տվեց նայել այցերին. «Կարելի է ընդամենը նայել այցերին և ընդունելություններին՝ ով, ինչ որակով, ինչ կոլեգիալությամբ։

Դրա համար բավարար է նայել «Լիդիանի» հետ կապված այս ողջ խայտառակ գործընթացը, Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելը, ԱՄՆ ֆինանսավորմամբ բիոլաբորատորիաների խնդիրը. Այս շղթան կարելի է շարունակել»:

Ամփոփելով խոսքը՝ բանախոսը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները, ինչպես պատկերացում չունեն ներքին հարցերում և ԼՂ կարգավորման գործընթացում, այնպես էլ, ըստ նրա՝ պատկերացում չունեն՝ ինչ են ուզում արտաքին աշխարհից:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս