Հայկական բանաձևը՝ Թուրքիայի դեմ ամերիկյան զինանոցի հերթական զենքերից
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին քննարկման և քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N296 բանաձևը: ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն իր թվիթերյան էջում օրերս գրել էր. «Հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևի պատմական քվեարկություն կկայանա:
Ամերիկան պետք է դեմ հանդես գա մարդկության դեմ հանցագործություններին, առավել ևս, որ Թուրքիան Հյուսիսային Սիրիայում նոր էթնիկ զտմամբ է սպառնում»: Հայկական հարցերով հանձնաժողովի հրապարակած հայտարարությունում նշվում է, որ 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, որը 1.5 մլն հայի կյանք է խլել, արձանագրվել է նաև այդ ժամանակվա ամերիկացի դիվանագետների կողմից: «Բազմաթիվ ամերիկացիներ տեղյակ չեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության, ինչպես նաև ԱՄՆ-ի մարդասիրական ջանքերի մասին, որոնց արդյունքում բազմաթիվ կյանքեր են փրկվել:
Հիմա, երբ Թուրքիան հյուսիսային Սիրիայում արշավ է սկսել, որի արդյունքում հարյուրավոր քաղաքացիական անձինք են սպանվել և տեղահանվել, կարևոր է, որպեսզի Ներկայացուցիչների պալատը հստակ և ուղիղ խոսի մարդկության դեմ հանցագործությունների մասին, որոնք տեղի են ունեցել և՛ անցյալում, և՛ մեր օրերում»,- ասվում է հայտարարությունում:
Տարածված տեքստում նաև ասվում է, որ այս շաբաթ Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները կարող են հստակ արտահայտվել ցեղասպանության պատմական փաստի մասին՝ միանալով ամերիկյան 49 նահանգներին և ԱՄՆ մերձավոր դաշնակիցներին, որոնք արդեն իսկ կատարել են այս կարևոր քայլը:
Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը ներկայացվել է 2019թ. ապրիլի 8-ին, դեմոկրատ Ադամ Շիֆի կողմից, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը ներկայացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ ապրիլի 9-ին: Իր հերթին՝ Ամերիկայի Հայկական համագումարը տեղեկացրել էր, որ բանաձևի աջակիցների թիվն ավելանում է: «Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամների ջանքերը և ողջունում է H.Res.296 բանաձևը Ներկայացուցիչների պալատ բերելու որոշումը:
Այս երկկուսակցական բանաձևը հաստատում է Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի աննախադեպ մարդասիրական աջակցությունը՝ ուղղված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին»,- ասել էր Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
«168 Ժամի» հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ, ցավոք սրտի, շատ կանխատեսելի գործընթաց էր, քանի որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության փուլերից որևէ մեկի ընթացքում անպայմանորեն խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի այս կամ այն եղանակի մասին: Սա, նրա որակմամբ, նույնպես բացառություն չէ:
«Դատելով ներկայիս թուրք-ամերիկյան հարաբերությունների լարված բնույթից, կարող ենք ասել, որ սա հերթական կանխատեսելի, Թուրքիային զգաստացնող զենքն է, որն ԱՄՆ-ը փորձելու է կիրառել: Բայց միևնույն ժամանակ՝ դա ունի մեկ այլ կանխատեսելիություն. ամերիկյան սպառնալիքները կամ ցեղասպանության ճանաչման սպառնալիքը Թուրքիայի վրա այլևս այն մեծ ազդեցությունը չի գործում, ինչ ունենում էր նախկինում: Չի բացառվում, որ սա պարզապես ամերիկյան զինանոցի հերթական զենքերից է, որը կիրառվում է տարբեր նպատակներով, և չեմ կարծում, որ բխում է հումանիստական կամ համամարդկային արժեքներին նրանց հավատարմությունից: Գոնե մեծ մասի մոտ այն ունի առավելապես քաղաքական շարժառիթ»,- ասաց Մելքոնյանը:
Թուրքագետը գտնում է, որ տվյալ հարցի կարևորությունը Հայաստանի համար երկակի է: Նրա որակմամբ՝ նման բանաձևի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից կարևոր է, քանի որ ՀՀ-ն ընդհանրապես ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկ պետություն է, և դեռևս 2015 թվականին Ցեղասպանության 100-ամյակին ընդունել ենք բանաձև, որ ընդհանրապես դատապարտում ենք ցեղասպանությունները՝ որպես մի ազգ, որն այդ չարիքը կրել է: Ուստի, Մելքոնյանի խոսքով, հարցն ունի կարևորություն:
«Բայց, ցավոք սրտի, մենք այս գործընթացներում ոչ թե գործընթացը ղեկավարողն ենք, ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ ենք, որովհետև, անկախ մեր կամքից, երբեմն հարցն ընդգրկվում է տարբեր պետությունների օրակարգում և հանգուցալուծվում է իրենց նպատակահարմար սցենարով:
Օրինակ՝ նույնը կարող ենք տեսնել Իսրայել-Թուրքիա հարաբերություններում, երբ լարվում են հարաբերությունները, Իսրայելում սկսում են քննարկել Ցեղասպանության հարցը, նույնը տեսնում ենք ԱՄՆ-Թուրքիա պարագայում: Կարող ենք ասել, որ այս ակտիվացումը ոչ թե մեր արտաքին քաղաքական հաջողություններից կամ քաղաքականության հետևողականության արդյունքներից է, այլ պարզապես երկու այլ պետությունների հարաբերություններից բխող մի երևույթ է, որտեղ Հայաստանը, չեմ կարծում, որ ունի որոշիչ դեր: Եթե առաջնորդվենք չինական ասացվածքով, որ «փոթորիկների ժամանակ պետք է օգտվել, հողմաղացներն աշխատեցնել», եթե թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պայմաններում մենք կարող ենք Հայոց ցեղասպանության խնդիրը ևս մեկ անգամ բարձրաձայնել տարբեր միջազգային հարթակներում, ապա կարող ենք ասել, որ սա ինչ որ առումով դրական է:
Բայց, ցավոք, այս ամենի բացասականն այն է, որ Ցեղասպանության խնդիրը քաղաքականացվում է միջազգային հարթակում, և ամենևին դրա հիմքը հայերի ճակատագրով անհանգստանալը չէ և ոչ էլ՝ համամարդկային չարիքի դատապարտումը, այլ զուտ քաղաքական շահերն են, դա մտահոգիչ է»,- ասաց վերլուծաբանը:
Բանաձևի ընդունումը, ըստ նրա, լուրջ հետևանքներ չի կարող ունենալ:
«Պետք չէ ֆետիշացնել, բայց եթե նայենք ԱՄՆ արտաքին քաղաքականության դինամիկային, ապա կարող ենք տեսնել, որ այդ քաղաքականությունն ամեն օր ունենում է տարբեր դրսևորումներ: Թրամփը մի օր հայտարարում է, որ Թուրքիային ոչնչացնելու է տնտեսապես, հաջորդ օրը փոխում է մոտեցումը, և Թուրքիայի հետ դրական ձեռքբերումներ են կարևորվում: Սա նույնպես մի նման երևույթ է: Սիրիայի քրդերի հետ կապված ԱՄՆ վերջին հայտարարությունը շատ հետաքրքիր դաս պետք է լինի բոլորիս համար. ԱՄՆ-ը լքեց իր դաշնակից քրդերին՝ հայտարարելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քրդերը նրանց չեն օգնել, և Թրամփը հայտարարեց, որ «քրդերին, ավելի ճիշտ կլինի, որ օգնի Նապոլեոն Բոնապարտը»:
Այս մոտեցումների համատեքստում լուրջ կանխատեսումներ անել, թե դեմոկրատներն ու հանրապետականներն ինչպես կարող են հարցին քվեարկել, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև այդ ամենը հենված չէ քաղաքագիտական դասական տրամաբանության վրա: Դրանք հենված են այսրոպեական շահերի վրա, և փոփոխվող աշխարհում ամերիկյան քաղաքականությունը շատ հեղհեղուկ է դարձել»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Իր հերթին՝ ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ՝ հաշվի առնելով թուրք-ամերիկյան հարաբերություններում ստեղծված իրավիճակը, որոշակի շրջանակներ, ովքեր ավանդաբար աշխատում են որոշ հարցերի ուղղությամբ, որ կարող են դիտարկվել՝ որպես ճնշում Թուրքիայի նկատմամբ, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչման հարցը, ակտիվացնում են իրենց ջանքերը և այդ փուլում ունենում որոշակի հաջողություններ:
«Սա այդպիսի դեպքերից մեկն է: Բանաձևը գուցեև ունենա հաջողություն, բայց չեմ կարծում, որ այն Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու համար ազդեցիկ գործիք է: Թուրք-ամերիկյան հարաբերությունները ներկայումս ևս կայուն չեն, դրանք մի օր լարված են, մյուս օրը՝ ոչ այնքան, ուստի այդ միտումներով պայմանավորված զարգացումները ևս հաստատուն չեն կարող համարվել: Բայց ըստ երևույթին հայկական լոբբին փորձում է օգտվել իրավիճակից, կամ ամերիկյան որոշ շրջանակներ են փորձում ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ ընդհանուր լարվածության ֆոնին»,- ասաց ռուս թուրքագետը: